Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ռումբերն ընկնում են ամենուր, բացի ԻՊ դիրքերից. ԱՄՆ

11:43, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Ռուսաստանի ռումբերն ընկնում են ամենուր, բացի ԻՊ դիրքերից. ԱՄՆ

Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին առավել ստույգ նշան բռնել «Իսլամական պետության» դիրքերը ռմբակոծելու համար ու հայտարարել, որ 2 երկրների միջև բանակցությունները նախևառաջ վերաբերում էին ամերիկյան օդաչուների անվտանգությանը, գրում է «ԲիԲիՍի»-ն:

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել մեկ ժամանոց բանակցություն Պենտագոնի և ՌԴ պաշտպանության նախարարության միջև, հաղորդել է ամերիկացի նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը:

Էրնեստը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը ռմբակոծում է այն դիրքերը, որտեղ չկան ծայրահեղ իսլամիստների կուտակումներ, փոխարենը շատ են Ասադի ընդդիմադիրները, որոնց աջակցում է Արևմուտքը:

Հիշեցնենք, որ «Սիրիական հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կալիցիայի» ներկայացուցիչ Հալեդ Խոջան երեկ թվիթերյան իր էջում գրել էր, որ ռուսական օդուժի հարվածներից զոհվել է 36 խաղաղ բնակիչ: Ավելի վաղ պաշտոնական Ռուսաստանը հերքել էր դա՝ ասելով, թե իր ավիահարվածներից ոչ մի խաղաղ բնակիչ չի զոհվել:

Դրան ի պատասխան՝ Իրաքում ամերիկյան զինվորականների ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը հայտնել էր, որ իր տվյալներով՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից խոցված 12 կետերից և ոչ մեկը կապ չի ունեցել «Իսլամական պետության» հետ:

Ստորև ներկայացնում ենք Սիրիայի քարտեզը, որը ցույց է տալիս, թե ինչ ուժերի միջև է բզկտվել երբեմնի միասնական պետությունը:

7715 | 0
Facebook