Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են». այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

16:08, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
«Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են». այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանը մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջում, զբաղվում էր քանդակագործությամբ, իսկ ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր դառնալ օպերատոր:

2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը, նկատելով դիվերսանտներին, զգուշացրել է զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և ետ շպրտել թշնամուն՝ պատճառելով մեծ քանակի կորուստներ։

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Արմենի սենյակը ծնողները դարձրել են թանգարան, որտեղ ամեն ինչ պատմում է զինվորի կյանքի մասին: Արմեն Հովհաննիսյանի անվան թանգարանը բացվել է հունիսի 30-ին` նրա ծննդյան օրը: Արմենի մոր` Մարինե Հովհաննիսյանի խոսքերով` սպիտակ ու լուսավոր անկյունը շարունակում է մնալ Արմենինը:

«Այստեղ է նա անցկացրել իր ժամանակը: Սենյակը թանգարանի վերածելու գաղափարը Արմենի հայրիկինն էր` Լևոն Հովհաննիսյանինը, նա որոշեց մեր տան ամենաթանկ անկյունը դարձնել փառքի սենյակ»,- հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Արմենի մայրիկը:

«Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»,- ասել է Արմենն, ում այս միտքը վերածվել է թևավոր խոսքի ու զարդարում է նրան նվիրված թանգարանային անկյունը:

4059 | 2
Facebook