Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրում 50 երեխաների հոսպիտալացման և 1 մահվան դեպքի առթիվ հարուցվել է 4 քրգործ

19:41, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
Արմավիրում 50 երեխաների հոսպիտալացման և 1 մահվան դեպքի առթիվ հարուցվել է 4 քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2015թ. մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» և «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որևէ ուսումնական և նախադպրոցական հաստատություններ չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հիվանդանոց դիմած երեխաներից 27-ի մոտ հայտնաբերվել է «սուր աղիքային ինֆեկցիա», 11-ի մոտ՝ «կլեբսիելա», 10-ի մոտ՝ «շիգելլա զոնե» աղիքային հիվանդություններ, 4 տարեկան տղան գտնվում է անգիտակից վիճակում, իսկ երեխաներից մեկը մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախապատրաստված 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով, ևս 7 դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):

4687 | 0
Facebook