Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը վաճառել իր դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։
Թերթի իրազեկված աղբյուրները հաստատում են, որ հոլդինգը պատրաստ է հրաժարվել խնդրահարույց ակտիվից և անգամ բանակցություններ սկսել պոտենցիալ գնորդների հետ: Հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ վարել է։
Պարբերականի պնդմամբ`ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից։
Սակայն «Տաշիր» խմբի ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են թերթին, որ ընկերությունը չի գնել ՀԷՑ-ը:
«Եթե լինի վաճառքի մասին հայտարարություն, այդ ժամանակ արդեն ցանկացած կազմակերպություն կարող է, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ, թե տնտեսապես որքան է շահավետ ձեռք բերել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունն»,- ասել են խմբի ներկայացուցիչները։
Ընդ որում «Коммерсантъ»-ի աղբյուրը, որ ծանոթ է Հայաստանում էներգետիկ վիճակին, հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ «հայկական ծագմամբ այլ ռուսաստանցի գործարարի» հետ բանակցությունների փաստը։
Թերթը գրում է, որ ստեղծված իրավիճակում ՀԷՑ-ի ներդրողի փոփոխությունը կարող է առավել արդյունավետ գործիք դառնալ երկրում քաղաքական լարվածությունը կարգավորելու համար։