Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
12:11, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա: Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։ Սիրիայում ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով: «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների առաջնորդներին։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները և հավաստիացրել, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։ «Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում»,- շեշտել է արտգործնախարար Նալբանդյանը։ |
2416 | 0