Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հալեպից դուրս գալ ցանկացողներից շատերը չեն կարողանում Հայաստան մեկնելու օդանավի տոմս ձեռք բերել

12:33, շաբաթ, 16 մայիսի, 2015 թ.
Հալեպից դուրս գալ ցանկացողներից շատերը չեն կարողանում Հայաստան մեկնելու օդանավի տոմս ձեռք բերել

Կառավարության մայիսի 7-ի նիստում, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, ՀՀ վարչապետն ասել էր, որ կառավարությունը պատրաստ է ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր, որպեսզի կառավարության հաջորդ նիստում պատկան մարմինները հանգամանալից տեղեկություն տան իրավիճակի մասին:
    
     Իսկ մինչ այդ Հալեպի «Գանձասար» թերթն ահազանգ էր հնչեցրել, որ Հալեպի բնակիչները գործազրկության ու սղաճի պատճառով դժվարությամբ են ապահովում իրենց օրական ապրուստը և որ Հալեպից դուրս գալ ցանկացողներից շատերը չեն կարողանում Հայաստան մեկնելու օդանավի տոմս ձեռք բերել:
    
     Թվում էր, թե կառավարության վերջին` մայիսի 14-ի նիստում գործադիրը հատուկ ուշադրություն կհրավիրեր վերոնշյալին ու հանձնարարականի համաձայն` կքննարկվեր ստեղծված իրավիճակը, բայց հալեպահայերի մասին ոչ մի խոսք չեղավ:
    
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը ՀՀ Սփյուռքի նախարարությունից փորձեց պարզել` ինչ լուծում է տրվելու Հայաստան գալ ցանկացողների` օդանավի տոմս ձեռք բերելու խնդրին: Նախարարության` սիրիահայերի հարցերով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ Հալեպի հայ համայնքում կան ներկայացուցչական մարմիններ, որոնք զբաղվում են խնդրով. ««Հալեպ» բարեգործական կազմակերպությունը դիմել է բարերարներին` գումարով օգնելու համար: Կազմակերպությունն ունի Հայաստան գալու հնարավորություն չունեցողների տվյալները, նրանց թիվը շուրջ 200 է. կառույցն օգնում է և շարունակելու է օգնել նրանց: 50 հոգու համար արդեն կա հավաքված գումար: Նրանք քննարկում են իրավիճակը, լուծումներ առաջարկում,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով,- կոչերը տպավորություն թողեցին, թե ամբողջ համայնքն ուզում է գալ Հայաստան, այդպես չէ, դա չի համապատասխանում այնտեղի տրամադրություններին, իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեն գալու, կընդունենք և կաջակցենք»:

3373 | 0
Facebook