Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սփյուռքի նախարարը՝ հալեպահայերին աջակցելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին

12:33, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
Սփյուռքի նախարարը՝ հալեպահայերին աջակցելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին
     ՀՀ սփյուռքի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և Հալեպում գործող հայկական հետ ամենօրյա կապի մեջ է, որոնք նաև մշտական օգնություն են ցուցաբերում մեր հայրենակիցներին: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին ու սիրիահայերի խնդիրներին: «Ցավոք, Հալեպում իրավիճակը վտանգվում է: Վերջին մեկուկես ամիսներին Հալեպում զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվեց Հալեպի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում. հալեպահայերի մի մասը տեղափոխվում են Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է ապրել այնտեղ: Ներկայում խուճապային տրամադրություններն անցել են, վերակագնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- հայտարարել է սփյուռքի նախարարը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: ՀՀ սփյուռքի նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, հասկանալու, թե ինչ կարող են անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նաև բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիհայերին օժանդակություն ցուցաբերելու համար: Սիրիահայերի խնդիրները սփյուռքի նախարարը բաժանել է երեք խմբի. «Առաջին խնդիրը բնակարանի հարցն է, որովհետև նրանք հիմնականում ցանկանում են հաստատվել Երևանում: Բնակվարձի հետ կապված խնդիրը ՄԱԿ-ի գրասենյակի և բարեգործական կառույցների օժանդակությամբ լուծվել են: Էկոնոմիկայի նախարարության հետ այժմ ակտիվացնում ենք փոքր բիզնեսի կազմակերպանն օգնելու գործողությունները, որպեսզի նրանց համապատասխան վարկեր տրամադրվեն: Խնդրում ենք գործատուներին, որ առավել հեշտությամբ սիրիահայերին ընդունեն աշխատանքի»,- Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սիրիահայերի մոտ առկա են նաև հոգեբանական և առողջական այլ խնդիրներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ քննարկվել է խնդիրը և սիրիահայերին օգնություն կցուցաբերվի պետպատվերի շրջանակում: Միաժամանակ, նախարարը նշել է, որ սիրիահայ երեխաների թիվը ՀՀ-ում ևս գնալով ավելանում է և կառավարությունը կկարողանա 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում կայցելի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինի նաև պատգամավորների խումբը: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ իրենք պայմանավորվել են նաև սփյուռքյան շատ կազմակեպրությունների հետ՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկել է համապատասխան նախարարություններին կոորդինացնել այդ աշխատանքները և սիրիահայերին ցուցաբերել առավելագույն աջակցություն:
     Հիշեցնենք` օրեր առաջ ՄԱՄՈՒԼ.am-ն իր` «Հալեպից դուրս գալ ցանկացողներից շատերը չեն կարողանում Հայաստան մեկնելու օդանավի տոմս ձեռք բերել» հոդվածում անդրադարձել էր հալեպահայերի խնդրին:
2659 | 0
Facebook