Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուբլու կտրուկ անկում ու թռիչքային վերելք. որն է շահավետ ռուսաստանցիների համար

18:13, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Ռուբլու կտրուկ անկում ու թռիչքային վերելք. որն է շահավետ ռուսաստանցիների համար

Փետրվարից ի վեր եվրոյի փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է շուրջ 1 երրորդով, դոլարը` շուրջ 1 չորրորդով: Վկայո՞ւմ է արդյոք դա այն մասին, որ ռուբլին ամրապնդվել է: Մասնագետները հակառակն են պնդում:

Նախորդ ուրբաթ` ապրիլի 10-ին, դոլարի ու եվրոյի փոխարժեքները ռուբլու համեմատ թարմացրեցին իրենց նվազագույն տարեկան ցուցանիշները: Ապրիլի 13-ին ռուբլին փոքր-ինչ թուլացավ, սակայն մեկ օր անց` նախօրեին, դարձյալ ամրապնդվեց: Այսօր ՌԴ Կենտրոնական բանկի կողմից հաստատված պաշտոնական փոխարժեքները հետևյալն են` 1 եվրոն համարժեք է 54,83 ռուբլու, 1 դոլարը` 51,97 ռուբլու: Ըստ մասնագետների` ռուբլու արժևորումը երկար չի տևի, քանզի դա շահավետ չէ Ռուսաստանի փողային իշխանությունների ու երկրի տնտեսության համար առհասարակ: Ըստ այդմ, հետագայում ռուբլու փոխարժեքը կնվազի, ու չի բացառվում, որ դա կարվի միտումնավոր կերպով: Փոխարժեքային տատանումներից ոչ ոք ապահովագրված չէ, ու դա խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ ներդրողների, արտադրության, բյուջեի ու բնակչության համար:

Որո՞նք են ռուբլու ամրապնդման պատճառները

Ըստ մասնագետների` ռուբլու արժևորման մի քանի պատճառ կա: Դա պայմանավորված է ոչ միայն նավթի քիչ թե շատ արժևորմամբ, այլև ռուբլու փոխարժեքի չափից դուրս մեծ անկմամբ, ինչպես նաև՝ ՌԴ Կենտրոնական բանկի գործողություններով, որը չնայած շարունակում է պնդել, թե չի զբաղվում արժութային կարգավորումներով, բայց, այնուամենայնիվ, որոշ քայլեր է ձեռնարկում, որոնք թույլ են տալիս կարգավորել փոխարժեքը: «Ռեպո գործարքներ կատարելով Կենտրոնական բանկը բավական ցածր տոկոսադրույքներով եվրոյով և դոլարով վարկեր է տվել: Դա համարժեք է արժութային միջնորդություն կատարելուն: Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկի կողմից ռուբլու վարկեր չեն տրվել, ու այդպիսով ապահովվել է էժան արժույթի իրացվելիությունը»,- ասել է Բանկային ինստիտուտի Տնտեսական բարձրագույն դպրոցի ղեկավար Վասիլի Սոլոդկովը: (Ռեպո գործարքը ֆինանսական գործարք է, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է վաճառում մյուս կողմին և միաժանակ պարտավորվում է հետ գնել նույն արժեթուղթը որոշակի ժամանակ անց կամ մյուս կողմի պահանջով):

Որպես ռուբլու արժևորման մեկ այլ պատճառ՝ մասնագետները նշում են նաև արտարժույթի վաճառքի նկատելի ծավալները: «Մեծ արտահանողների մոտ բավական մեծ ծավալներով արտարժույթ է կուտակվել, նրանք երկար ժամանակ խուսափել են այդ արտարժույթի վաճառքից, բայց քառամյակի վերջում նրանք ստիպված են եղել դա անել»,- ասել է փորձագետ, ՌԴ ԿԲ արժութային խորհրդի նախկին ղեկավար Անդրեյ Չերեպանովը: Վասիլի Սոլոդկովն էլ ավելացրել է. «Ավանդաբար, Ռուսաստանում խնայողություններ կուտակում են դոլարով: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մարդիկ դոլար գնեցին: Բայց իրական շահույթները նվազեցին, ու սկսվեց դոլարի վաճառքն, ինչն արտարժույթի առաջարկի ավելցուկի հանգեցրեց»:

Ի՞նչն է առավել շահավետ Ռուսաստանի տնտեսության համար

«Բավական տարօրինակ է լսել, որ ռուբլու փոխարժեքի ավելացման դեպքում ասում են, թե այն ամրապնդվում է: Ուժեղ արժույթը համարժեք է կայունության, բայց ռուբլու պարագայում այդպես կարծել չի կարելի: Ռուսաստանի տնտեսության համար ուժեղ ռուբլին էժան ռուբլին է, քանի որ Ռուսաստանի համար առավել շահեկան է դրա ցածր փոխարժեքը: Այդ դեպքում արտահանողները շահում են, երբ վաճառում են ձեռք բերած արտարժույթը, իսկ երկրում ներմուծմանը փոխարինող արդյունաբերությունն առավել ապահովագրված է դառնում արտասահմանյան ապրանքների ներհոսքից»,- բացատրել է Անդրեյ Չերեպանովը:

Հայտնի փաստ է, որ Ռուսաստանի տնտեսությունը սնվում է նավթից ստացած եկամուտներով: Այդ առումով` «Ցերիխ քեփիթլ մենեջմենթ» ներդրումային կազմակերպության ղեկավար Նիկոլայ Պոդլևսկիխն ասել է. «2015թ. բյուջեով նախատեսված է, որ նավթագազային ոլորտից ստացած եկամուտները կապահովեն դրա կեսից ավելին: Եվ չնայած բյուջետային մուտքերը ոչ անմիջականորեն կապված են նավթի գներից, դրանց անկմամբ կամ դոլարի արժեզրկմամբ` ռուբլով արտահայտված բյուջետային եկամուտները նվազում են: Միևնույն ժամանակ, երբ ընկերություններն ավելի աղքատ են դառնում, ավելի քիչ եկամուտ, հետևաբար, ավելի քիչ հարկեր են վճարում»:

Ինչ վերաբերում է շարքային քաղաքացիներին, ապա մի կողմից նրանց համար ռուբլու ցածր փոխարժեքը շահեկան չէ, քանի որ դա հանգեցնում է գների աճի: Բայց մյուս կողմից երկարաժամկետ հեռանկարում ռուբլու ցածր փոխարժեքը դրական կողմեր ունի նաև շարքային քաղաքացիների համար, քանի որ, ըստ Անդրեյ Չերեպանովի, երբ ռուբլու փոխարժեքը բարձր է, ապա արտադրությունը ներկրման ավելացման հետևանքով ճնշվում է, դա հանգեցնում է գործազրկության և սոցիալական այլ խնդիրների»:

Բայց, այնուամենայնիվ, երբ 2014թ. վերջին ռուբլին անսպասելիորեն արժեզրկվեց, ոչ ոք առանձնապես չոգևորվեց այդ փաստով: «Դա հասկանալի է, քանի որ անկումն անսպասել էր ու չկանխատեսված»,- կարծիք է հայտնել Անդրեյ Չերեպանովը: Վասիլի Սոլոդոկովն էլ նշել է. «Մեզ խոստանում էին, որ ռուբլու հետ ոչ մի վատ բան չի լինի, մարդիկ չէին շտապում արտարաժույթ ձեռք բերել, արդյունքում նրանց խնայողությունները կրճատվեցին: Ավելացավ չվճարված վարկային պարտավորվածությունների բաժինը»: Մասնագետը չի բացառել այն, որ ռուբլու փոխարժեքի ներկայիս աճը արհեստական է` պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապ»-ի հետ, որ տեղի կունենա վաղը` ապրիլի 16-ին: «Տոներին ընդառաջ մենք ինչ ուզում ենք, կանենք ու գնին չենք նայի»,- ներկայացնելով իրավիճակը` կատակել է վերլուծաբանը:

Բայց տոները երկար չեն ձգվի: Առաջիկա 1-2 ամիսներին կարելի է ռուբլու անկում ակնկալել: Նման կարծիք հայտնել են միաժամանակ մի քանի մասնագետներ: 1 դոլարի դիմաց 35 ռուբլի նախկինում եղած փոխարժեքն արդեն անիրատեսական է, բացի այդ, դա արդեն շահեկան չէ նաև ռուս արտահանողների համար:

Ի՞նչ անել այժմ

Փորձը ցույց է տվել, որ մարդիկ արտարժույթ գնում կամ վաճառում են ` հետևելով միտումներին, բայց թերևս պետք է ամեն ինչ անել ընդհակառակը: Այս կարծիքն է հայտնել Լոմոնոսովի համալսարանի Ֆինանսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Յուրի Դանիլովը: «Այժմ ես խորհուրդ կտայի դոլար գնել»,- ասել է նա ու նշել, որ ըստ նրա` դա արադարացված ներդրում է, եթե կան ազատ միջոցներ:

Առավել երկարաժամկետ ներդրումներ կատարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս գործ ունենալ ոչ թե արտարժույթի, այլ ներդրումային այլ գործիքների ` բաժնետոմսերի, պարտատոմսերի հետ: Փորձագետների մի խումբ էլ համոզված է, որ ավելի նպատակահարմար է խնայողութուններ պահել միաժամանակ մի քանի արժույթով:

Ընդհանուր առմամբ, բոլոր մասնագետները համակարծիք են մեկ հարցում, այն է, որ ռուբլու փոխարժեքը դեռևս կանխատեսված չէ, ինչը ծայրաստիճան բացասաբար է ազդում բիզնեսում ներդրումներ անելու հարցում: Այլ խոսքով` փոխարժեքի անկանխատեսելիությունը էական հարված է ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ` արտադրողների համար:

9322 | 1
Facebook