«Հարավային Կովկասում ազդեցության գոտու վերափոխման կռիվ է։ Եթե մենք ասում ենք՝ չպետք է գտնվենք Ռուսաստանի ազդեցության գոտում, ուրեմն մենք դրանով մեզ դնում ենք Թուրքիայի ազդեցության գոտում»,-168-ի եթերում ասել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ «Մենք ազգային պետություն ենք, որը վեր է հառնել մոխիրներից ու Ցեղասպանությունից հետո պետություն է ստեղծել։ Այսօր, երբ այս իշխանությունների քայլերի արդյունքում մենք հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց, մեր պետության՝ այս տարածաշրջանում գոյությունը դառնում է անիմաստ»,-ասել է Ավետիսյանը՝ նշելով, որ Ռուսաստանն ամբողջապես հետ չի քաշվի տարածաշրջանից, որովհետև ինքը հասկանում է՝ եթե երկու թուրքական աշխարհները միավորվեն, ինչ-որ պահի նրանք շուռ են գալու իր դեմ։ Իր շահերի համար Ռուսաստանը հետ է գալու։