ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորախմբի վաղաժամ դուրսբերումը՝ նշելով, որ դա ապացույց է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն եռակողմ համաձայնագրի կողմ չի եղել, որի համաձայն՝ 2020թ․ տարածաշրջանում ռուսական զորքեր են տեղակայվել։ «Մենք չենք տեսել մի բան, որը ցույց կտար, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր է և նպաստում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը»,- ասել է նա։
Փաթելը հավելել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին ու պատրաստ է օգնել այդ գործընթացին։