Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հետաքրքիր է

«Էսթետիկ նպատակներով ներարկումների արդյունքում արձանագրվել է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի». Մուրադյան

15:24, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
«Էսթետիկ նպատակներով ներարկումների արդյունքում արձանագրվել է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի». Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամերիկյան Թենեսի նահանգի առողջապահության վարչությունը վերջերս հետաքննություն է իրականացնում կոսմետիկ նպատակներով կիրառված բոտուլինոտոքսինի ներարկումներից հետո բոտուլիզմ հիվանդության առաջացման առիթով:
     Համապատասխան կառույցների և վարչության համատեղ հետաքննությունը հայտնաբերել է ներարկային կեղծ ապրանքների օգտագործման հետ կապված լուրջ իրավախախտումներ ինչպես նաև անհասկանալի ծագում ունեցող ապրանքներ են հայտնաբերվել, որոնք հիմնականում օգտագործվում են ոչ բժշկական հաստատություններում, ինչպիսիք են, օրինակ, տները կամ կոսմետիկ առողջարաններն ու սրահները:
     Վերջերս հայտնաբերել են 4 պացիենտի, ովքեր ունեցել են բոտուլիզմ հիվանդության ախտանիշներ: Նրանք բոլորը հայտնել են, որ բոտուլինային տոքսինի ներարկումներ են ստացել կոսմետիկ նպատակներով։ Բոլոր 4 պացիենտները հետազոտվել են բուժաշխատողների կողմից, իսկ նրանցից 2-ը հոսպիտալացվել են: Բոտուլիզմի նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև այլ նահանգներում: Ընթացիկ հետաքննությունը ենթադրում է, որ օգտագործված ապրանքը կեղծված է եղել:
     Մի քանի նախադասությամբ հիշեցնենք, թե ինչ է բոտուլիզմ հիվանդությունը: Դասական բոտուլիզմը հազվագյուտ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որի հարուցիչը Clostridium botulinum-ի էկզոտոքսինն է: Բոտուլիզմի նախնական ախտանիշները կարող են ներառել երկտեսություն կամ տեսողություն մթագնում, կոպերի անկում, խոսքի աղավաղում, կլման ակտի դժվարություն, բերանի չորություն և շնչառության դժվարություն: Այս ախտանիշներին սովորաբար հաջորդում է վարընթաց սիմետրիկ մկանային թուլությունը, որը զարգանում է մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում՝ պահանջելով հոսպիտալացում և հակատոքսիկ շիճուկով մասնագիտացված բուժում:
     Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմնականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան թույնի արտազատման համար:
     Վերջին շրջանում էսթետիկ նպատակներով կիրառման արդյունքում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի: Ամերկյան Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ կոսմետիկ ներարկումները պետք է լինեն Սննդի և դեղորայքի վարչության (FDA) կողմից հաստատված արտադրանք և իրականացվեն լիցենզավորված մատակարարների կողմից և լիցենզավորված պայմաններում: Խորհուրդ է տրվում առողջապահական մասնագետներին հետաքրքրվել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ ունեցող պացիենտներից վերջին շրջանում իրականացված կոսմետիկ միջամտությունների վերաբերյալ, որպեսզի պարզ լինի կեղծ արտադրանքից տուժածների իրական թիվը: Բոտուլիզմի յուրաքանչյուր կասկածի մասին անհրաժեշտ է հաղորդել:
     Մեկ այլ օրինակ է 2016 թվականին Հոնկոնգում գրանցված բոտուլինոտոքսինի կոսմետիկ օգտագործման հետևանքով առաջացած համակարգային բոտուլիզմի առնվազն մեկ տասնյակ դեպքերը, որոնց մեծ մասը պայմանավորված է եղել կատարված կոսմետիկ ներարկումներով: Վերջերս Եվրոպայում տեղի են ունեցել յատրոգեն բոտուլիզմի մի շարք դեպքեր՝ Թուրքիայում ճարպակալման բուժման համար բոտուլինոտոքսինի ներստամոքսային ներարկում կիրառելուց հետո, որին «Հերացի» վերլուծականն արդեն անդրադարձել էր:
     Բոտուլոտոքսինի ներարկային թերապևտիկ կամ կոսմետիկ օգտագործման դեպքում, եթե տոքսինը ներարկման վայրից տարածվում է մարմնի այլ մասերում, այն կարող է հանգեցնել մկանների վերահսկողության կորստի, որը կարող է վտանգավոր լինել: Օրինակ, երբ կերակրափողի մկանային շարժողականությունը վերանում է (դիսֆագիա), մարդը կորցնում է կուլ տալու ունակությունը, սնունդն ու խմիչքը կարող են պատահաբար ընկնել շնչուղիներ և հասնել թոքերին՝ առաջացնելով լուրջ բարդություն` ասպիրացիոն թոքաբորբ և երբեմն հանգեցնել մահվան:
     Որևէ կերպ չնսեմացնելով էսթետիկ բժշկության նշանակությունը, խորհուրդ ենք տալիս պահպանել զգոնությունը՝ բարդություններից խուսափելու նպատակով»:

5751 | 0
Facebook