Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ն Ավինյանին միայնակ թողեց առաջին փորձության ժամանակ. «Ժողովուրդ»

09:18, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
ՔՊ-ն Ավինյանին միայնակ թողեց առաջին փորձության ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ երեկոյան Երևանում քաղակտիվիստները տոնեցին իրենց հաղթանակը: Երևանում ծառերի սպանդը կդադարեցվի. համենայնդեպս այդպես խոստացավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել ծառասպանությունը, Տիգրան Ավինյանը ստիպված եղավ իջնել ու զրուցել մարդկանց հետ: Նա խոստացավ, որ էլ ծառ չի կտրվի:
     Հիշեցնենք, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տխրահռչակ ղեկավար Արմեն Բեգոյանի մանիպուլատիվ հնարքներով հաստատվել էր քաղաքապետարանում ծրագիր, որ 3000 ծառեր պետք է արմատախիլ արվեին՝ փոխարինվելով նոր խորհրդանշական անուն ունեցող Հուդայածառերով, սակայն մոտ 350 ծառերի հատումից հետո երեկ Ավինյանը կասեցրեց ծրագիրը:
     Այս առիթով զրուցեցինք քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, ով «Էկոցիդ, փրկենք Երևանի ծառերը» բնապահպանական շարժման հիմնադիրներից է և երեկ մասնակցում էր ակցիային:

«Շաբաթ օրը, երբ մեր ակտիվիստ ընկերների հետ միասին հայտարարեցինք քաղաքացիներին, որ պետք է հավաքվենք և կանխենք ծառերի սպանդը Սուրբ Զատկի և մեր մեկ ժամ առաջ ծանուցման պատճառով առավել քիչ երևանցիներ հավաքվեցին: Բայց երեկ արդեն ավել մեծ թվով էինք, շնորհակալ եմ մեզ միացած քաղաքացիներին: Հատուկ շնորհակալություն նաև մեր մայրաքաղաքի նոր ռուս բնակիչներին առանց որոնց կազմակրպչական հմտությունների չէինք կարողանա երեկվա ակցիան կազմակերպել: Նրանք ակտիվ էին նաև սոցհարթակներում և մեզ միասնաբար հաջողվեց կասեցնել ծառերի սպանդը»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:

Նկատենք, որ երեկ, երբ քաղաքապետը առաջին անգամ հանրային լուրջ ճնշման տակ էր, հարազատ ՔՊ-ն Տիգրան Ավինյանին միայնակ թողեց: Ավագանու ՔՊ-ական որևէ անդամ չկար Ավինյանի կողքին: Միայն փոխքաղաքապետերն ու մի քանի աշխատակիցներ էին: Ավինյանի կողքին չէր նաև առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը»։

2404 | 1
Facebook