Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Փալազի մահվան մասին:
Նա մահացել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության հաղթանակի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով։ Պատշգամբը, որտեղ նրանք նշելիս են եղել ընտրություններում կուսակցության հաջողությունը, փլուզվել է:
Կուսակցությունը հայտնել է, որ Փալազը հոսպիտալացվել է ևս 8 հոգու հետ: Բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99 տոկոսի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը: