Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հպարտ եմ, որ Հայաստանը և հայկական դասական երաժշտությունը ներկայացրել եմ արտասահմանյան բեմում». Մարգարիտա Զաքյան

18:30, կիրակի, 15 նոյեմբերի, 2015 թ.
«Հպարտ եմ, որ Հայաստանը և հայկական դասական երաժշտությունը ներկայացրել եմ արտասահմանյան բեմում». Մարգարիտա Զաքյան

Երիտասարդ ջութակահարուհի Մարգարիտա Զաքյանը նոր է վերադարձել Թայվանում կազմակերպված մրցույթ-փառատոնից։ Խնդրեցինք մեզ հետ կիսվել մոտ մեկ ամիս տևած համերգներից ստացած տպավորություններով։

Հարց- Նոր եք վերադարձել Թայվանի հյուրախաղերից, ի՞նչ տպավորություններ ստացաք, ինչպե՞ս անցան համերգները։

-Ամեն ինչ հրաշալի էր: Շատ տպավորված եմ։ Վերադարձել եմ շատ մեծ հիացմունքով: Դա մի հրաշալի վայր էր։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ։ Ծանոթացել եմ տարբեր երկրների մշակույթին։ Հպարտ եմ նաև, որ կարողացել եմ Հայաստանը և հայկական դասական երաժշտությունը ներկայացնել արտասահմանյան բեմում։

Հարց-Կազմակերպված փառատոնին ո՞ր երկրներից էին մասնակիցները:

-Այս տարի մասնակցում էին աշխարհի գրեթե 20 երկրներից․ Մեքսիկա, Չիլի, Գուամ, Բոլիվիա, Սերբիա, Հունգարիա, Իտալիա, Թուրքիա, Ռուսաստան, Հնդկաստան, Թայլանդ, Հոնգ-Կոնգ, Կոնգո, Ավստրալիա և այլն։ Մեր առջև դրված նպատակը՝ շատ լավ ելույթ ունենալն էր, ինչպես նաև մեր երկիրը անսահման գեղեցիկ ներկայացնելը, որը մենք պատվով կատարեցինք։

Հարց-Հրաշալի է: Մենք ևս շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։ Իսկ նրանք ծանո՞թ էին հայկական մշակույթին:

-Հիմնականում` ոչ, բայց մենք կարողացանք մեծ սեր և հետաքրքրություն առաջացնել մեր մշակույթի հանդեպ։ Նրանք շատ սիրեցին մեզ, մեր երաժշտությունը, որ նույնիսկ փառատոնի ավարտին մեզ հետ հավասար նվագում և պարում էին: Որովհետև մերն ուրիշ է, մենք կարողանում ենք մեր զգացմունքներն ու ապրումներն արտահայտել երաժշտության միջոցով, ջերմացնել և հուզական զգացումներ սերմանել օտարերկրացիների մոտ։

Հարց- Փառատոնը տևել է 1 ամիս, քանի՞ համերգ եք ունեցել այդ ընթացքում:

-Այո, փառատոնը գրեթե 1 ամիս տևեց։ Այդ ընթացքում ունեցանք շուրջ 20 համերգ: Հիմնականում Թայվանի հանրապետության մայրաքաղաքում՝ Թայբեյում, ինչպես նաև Յիլան քաղաքում։

Հարց-Մարգարիտա, մենք տեղյակ ենք, որ սա ձեր առաջին արտերկրյա ելույթը չէ։ Դուք մի քանի ամիս առաջ մասնակցել եք նաև Ռուսաստանում անցկացվող ԱՊՀ երկրների բաց երիտասարդական Դելփյան խաղերին, որոնք կազմակերպվում են արվեստի ոլորտում տարբեր ազգերի երիտասարդների ստեղծագործական շփման և համագործակցության նպատակով։
     -Այո: Այս տարին չափազանց կարևոր և ձեռքբերումներով լի էր ինձ համար: Մեծ է ջութակի կախարդական ուժը։ Ինձ՝ երիտասարդ ջութակահարիս համար, շատ կարևոր է աշխարհի յուրաքանչյուր ծայրում, Հայաստանը, հայ ազգային երաժշտությունը ճանաչելի և լսելի դարձնել երիտասարդության շրջանում։ Այնտեղ նույնպես մեծ փորձ և հմտություններ ձեռք բերեցի: Հայաստան ժամանելուն պես ՀՀ Մշակույթի Նախարարությունը մասնակիցներին պարգևատրեց շնորհակալագրերով։ Այդ առիթով Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կազմակերպված Գալա համերգի ժամանակ կատարեցի Ա. Խաչատրյանի «Պար»-ը: Ի դեպ նշեմ որ այդ ստեղծագործությունը վերջերս, իմ կատարմամբ, հնչեց նաև Ա. Խաչատրյանի 112 ամյակին նվիրված համերգին։ Նվագել եմ նաև «Արտ Մյուզիք» մրցույթի ժամանակ:

Հարց-Լինելով այդքան երիտասարդ ջութակահարուհի` արդեն բավական լայն գործունեություն եք ծավալել: Ի՞նչ պլաններ ունեք ապագայում:

-Շնորհակալ եմ: Այս տարի ավարտում եմ Չայկովկու անվ. երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը, պատրաստվում եմ ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա: Շատ մեծ, բարդ և ծավալուն ծրագիր եմ պատրաստում։ Հուսով եմ կընդունվեմ, ուսումս կշարունակեմ և կարծում եմ, որ անմնացորդ կնվիրվեմ երաժշտությանը։

Եվ վերջում, անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչ, պրոֆեսոր ու արվեստի վաստակավոր գործիչ պր. Գ. Սմբատյանին, իր նվիրումի և անմնացորդ աշխատանքի համար:

82 | 0
Facebook