Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետը պերսոնա նոն գրատա է հայտարարվել և պետք է լքի երկիրը 72 ժամվա ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոլդովայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Միհայ Միտուի խոսքերը։
Պատճառը Մերձդնեստրի տարածքում ՌԴ նախագահական ընտրությունների կազմակերպումն է։
Մոլդովայի ԱԳՆ-ում լրատվականի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանատունն ինքն է ընտրելու թեկնածուին. «Մոլդովան արգելել է Ռուսաստանի Դաշնությանը բացել ընտրատեղամասերը Մերձդնեստրում։ Ռուսներն, այնուամենայնիվ, բացել են։ Տվյալ դեպքում դիվանագետին/դիվանագետներին վտարելու որոշում է կայացնում պետությունը, իսկ ով է հեռանալու, որոշում է դեսպանատունը։ Եվ լինում են դեպքեր, երբ պետությունը կոնկրետ անձին մեղադրում է լրտեսության կամ անվտանգությանը կամ ժողովրդավարությանը սպառնացող գործողություններ կատարելու մեջ։ Մեր դեպքում դա կամայական ընտրություն էր։ Ռուսները, որքան գիտեմ, արտաքսման համար ընտրել են տիկնոջ՝ դեսպանատան աշխատակցի»։