Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիբերհանցագործություն և առողջապահություն». Արմեն Մուրադյան

00:42, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Քիբերհանցագործություն և առողջապահություն». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիբերհանցագործություն և առողջապահություն
     Ըստ ԱՀԿ-ի պաշտոնական կայքում վերջերս հրապարակված հոդվածի` չնայած թվային տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացել առողջության և բարեկեցության խթանման համար, դրանք նաև նոր ռիսկեր են ստեղծել առողջապահության անվտանգության համար, ինչպիսիք են` առողջապահական համակարգի վրա իրականացվող քիբերհարձակումները և ապատեղեկատվության տարածումը: Այս ռիսկերի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու և դրանց հավանականությունն ու ներգործության աստիճանը նվազեցնելու համար ԱՀԿ-ն պատրաստել է երկու զեկույց՝ համագործակցելով Ինտերպոլի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի և այլ նմանատիպ կառույցների հետ:
     2024 թվականի հունվարի 26-ին հրապարակված այս երկու զեկույցները սահմանում են առողջապահական անվտանգության ամրապնդման ուղիները գործառնական լուծումների միջոցով:
     Առաջին զեկույցը, որն ուսումնասիրում է COVID-19 համաճարակի ընթացքում առողջապահական համակարգի վրա կիբերհարձակումների սպառնալիքը, ընդգծում է իրական կյանքում առողջապահական կիբերհարձակումների հեռահար հետևանքները: COVID-19 համաճարակի ընթացքում առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ենթակառուցվածքն ավելի ու ավելի էր ենթարկվում կիբերհարձակումների, ինչը երբեմն խանգարում էր հիվանդանոցներին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել, երբ դա առաջնահերթ անհրաժեշտություն էր:
     Ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերը դիմել են թվային լուծումների` բարելավելու բժշկական ծառայությունների որակը և իրենց կողմից մատուցվող ծառայությունների ծախսարդյունավետությունը: Համատարած թվայնացումը հանգեցրեց թվային կախվածության, որը գնալով ուժեղացավ` առանց մանրակրկիտ ուսումնասիրելու և հաշվի առնելու նոր հնարավոր ռիսկերը և համապատասխան ներդրումների կարիքը կիբերանվտանգության ոլորտում: Առողջապահական ծառայություններում պահվող պացիենտների վերաբերյալ «զգայուն» տեղեկատվությունը, զուգորդված ոչ բավարար անվտանգության ապահովման հետ, առողջապահական ենթակառուցվածքը դարձնում է կիբերհանցագործների հիմնական թիրախը:
     Առողջապահության ոլորտում աճող թվային ռիսկերին դիմակայելու համար կարևոր է բարձրացնել կիբերհասունությունը: Կիբերանվտանգության հասունությունը կազմակերպության պատրաստակամության մակարդակն է՝ պաշտպանելու իրեն և իր թվային ակտիվները կիբերհարձակումներից: Սա ենթադրում է ներդրումներ կատարել մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների մեջ, այդ թվում ՝ կիբերիրազեկման ուսուցման և միջադեպերի արձագանքման պլանների մշակման միջոցով, որոնք փորձարկվելու են անձնակազմի կողմից՝ հետագայում հնարավոր կիբերհարձակման ակնկալիքով: Չափազանց կարևոր է ընդլայնել իրավապահ մարմինների հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը:
     Մանրամասն ուսումնասիրելով վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման պատմությունը և դրա փոխհարաբերությունները հանրային առողջության հետ ժամանակի ընթացքում` կարևոր նշանակություն ունի ապատեղեկատվությանը հակազդելու արդյունավետ լուծումներ մշակելու համար: Ավելի լայն և երկարաժամկետ գաղափարական կամ քաղաքական օրակարգի շրջանակներում կամ տնտեսական շահի համար` որոշ ապատեղեկատվական հաղորդագրություններ մասնագիտորեն մշակվում և տարածվում են, ինչը ԱՀԿ-ից և հանրային առողջության բնագավառի ներկայացուցիչներից պահանջում է ունենալ բազմակողմանի մոտեցումներ` այդ սպառնալիքներին հակազդելու համար:
     Առաջարկվում են ապատեղեկատվությանը հակազդելու մի շարք մարտավարություններ՝
     • ապատեղեկատվության և տեղեկատվության մանիպուլյացիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
     • քննադատական մտածողության, թվային, բժշկական և գիտական գրագիտության ծրագրերի խթանում
     • տեղեկատվության հուսալի աղբյուրների և հեղինակավոր կարծիքների խրախուսում
     • աջակցություն ապացուցահեն միջոցառումներին
     • համագործակցություն համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտը, սոցիալական մեդիայի մատակարարները, իրավապահ մարմինները, կիբերգործակալությունները, հասարակական և միջազգային կազմակերպությունները՝ այս նոր սպառնալիքի դեմ պայքարելու համար
     • բնակչության շրջանում անվստահության գործոնների բացահայտումը և այդ գործոնների օգտագործումը` ապատեղեկատվական արշավներին հակազդելու համար:
     Այս գործոնները կարող են հիմք հանդիսանալ ապատեղեկատվությունից պաշտպանվելու երկարաժամկետ որոշումների համար:
     Նոր տեղեկատվության առջև կանգնելիս բոլորը պետք է իրենց հարցնեն.
     • Արդյո՞ք այս բովանդակությունը հուսալի է:
     • Ո՞վ է հեղինակը:
     • Ո՞րն է պնդումների աղբյուրը:
     • Տեղեկատվության աղբյուրը հուսալի՞ է:
     • Ինչպե՞ս եմ վերաբերվում այս տեղեկատվությանը:
     Զեկույցներում հիմնավորվում է բազմոլորտ դաշինքների ստեղծման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կարող են օգտվել նոր տեխնոլոգիաներից առողջության եւ բարեկեցության բարելավման համար՝ միաժամանակ բախվելով մշտապես առաջացող սպառնալիքների հետ»:

1800 | 0
Facebook