Աշխարհի ամենամեծ Surat Diamond Exchange-ը պաշտոնապես բացեց իր դռները, բացման արարողությանը ներկա էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վարչապետի աշխատակազմին հղումով։
Գուջարաթ նահանգի արևմտյան Սուրատ քաղաքը համարվում է Հնդկաստանի ադամանդի մշակման կենտրոնը։ 2022 թվականին ավարտվեց Surat Diamond Exchange-ի նոր գրասենյակային համալիրի շինարարությունը։ Այս շենքը օգոստոսին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ գրասենյակային շենք՝ առաջ անցնելով ամերիկյան Փենթագոնից։ Աշխարհի խոշորագույն ադամանդի բորսայի կարգավիճակը նախկինում ուներ Մումբայում գտնվող Bharat Diamond Exchange-ը:
Գրեթե 400 միլիոն դոլար արժողությամբ Surat Diamond Exchange համալիրի շինարարությունն սկսվել է 2015 թվականին: Այն բաղկացած է 9 հատ 15-հարկանի շենքերից, որոնք միացված են կենտրոնական շինությամբ։ Ընդհանուր մակերեսը գրեթե 660 հազար քմ է: Համալիրը պատկանում է Գուջարաթի կառավարությանը, շինարարությունն իրականացրել է հնդկական Morphogenesis ճարտարապետական բյուրոն։
Surat Diamond Exchange-ը մասնագիտացած է լինելու ներմուծման-արտահանման գործողությունների, մաքսազերծման, ադամանդի կտրման ոլորտում: Բացի այդ, այնտեղ կտեղակայվեն մանրածախ առևտրի սրահներ ոսկերչական իրերի վաճառքի շուկա, կոնֆերանսների սենյակներ և թանկարժեք ապրանքներ պահելու պահեստարաններ: