Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավերի շարժի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Ավելի վաղ նեղուցի մերձակայքում գտնվող Չանաքքալե նահանգում հրդեհ էր բռնկվել, որն ուժեղ քամու պատճառով սկսել էր արագ տարածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր վերգետնյա տեխնիկա։
«Որպես նախազգուշական միջոց՝ Չանաքքալե-Չան ավտոճանապարհը փակ է քաղաքացիական երթևեկության համար, իսկ Դարդանելը՝ երկու կողմից՝ ծովային տրանսպորտի համար»,- այսօր ասել է Ալի Երլիկայան՝ նշելով, որ հրդեհից տուժած շրջանից արդեն տարհանվել է 1251 մարդ։