Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թանգարանի ֆոնդերում արձանագրվել է նմուշների պակասորդ․ տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը նախարարի հրամանով ազատվել է պաշտոնից»․ ՀՀ ՊՆ

12:00, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ.
«Թանգարանի ֆոնդերում արձանագրվել է նմուշների պակասորդ․ տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը նախարարի հրամանով ազատվել է պաշտոնից»․ ՀՀ ՊՆ

Վերջերս ՄԱՄՈՒԼ․am-ն անդրադարձել էր՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցող աղմկահարույց մի միջադեպի։ Խմբագրության ստացած տեղեկությունների համաձայն, այժմ արդեն նախկին տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը «առանց հիմնավորումների աշխատանքից ազատել է աշխատակիցներ Ա․ Խաչատրյանին, Լ․ Անտոնյանին, թանգարանի բյուջեի հաշվին գնումներ է կատարել իրեն կամ իր ընտանիքի անդամներին պատկանող կազմակերպություններից և այլն»:

Թանգարանի աշխատակիցներն այս միջադեպերի առիթով բողոքներ են հղել ՀՀ ՊՆ, որի արդյունքում Ռազմական ոստիկանությունը հարուցել է թիվ 90050222 քրեական գործը։

Նախորդ հրապարակման մեջ մեր ընթերցողին տեղեկացրել էինք, որ խմբագրությունը պարզաբանումներ ստանալու նպատակով հարցումներ է ուղարկել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն և խնդրել ներկայացնել, թե ինչ ընթացքում է հետաքննությունը և ինչ միջոցներ են կիրառվել (կիրառվելու) նախկին տնօրենի նկատմամբ։

Օրերս, ստացել ենք ՀՀ ՊՆ պատասխանը, որում մասնավորապես նշվում է՝ «(...) հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան պետական հիմնարկում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում թանգարանի ֆոնդերում արձանագրվել են նմուշների պակասորդներ: Փաստի առթիվ (...) հարուցվել է թիվ 90050222 քրեական գործը (...):

Միաժամանակ հայտնում եմ, որ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի նախկին տնօրեն, փոխգնդապետ Կարեն Մելիք-Թանգյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արձակվել է պաշտոնից (...), իսկ թանգարանի աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը և Լիլիֆար Անտոնյանը վերականգնվել են իրենց նախկին պաշտոններում՝ վարչական վարույթի շրջանակներում» (պաշտոնական պատասխանների լուսապատճենները կարող եք տեսնել նյութի ստորին հատվածում):

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջադեպերի առնչությամբ խմբագրությունը պարզաբանումներ է խնդրել նաև Կարեն Մելիք-Թանգյանից, ով, սակայն, որևէ կերպ չի պատասխանել խմբագրության գրավոր հարցումներին։

Ավելին, խմբագրության ունեցած տեղեկությունների համաձայն Մելիք-Թանգյանը դատական հայց է ներկայացրել թանգարանի աշխատակից Արմեն Խաչատրյանի դեմ (ում ինքն ազատել էր աշխատանքից), սակայն պարտվել է և դատարանը պարտավորեցրել է Կարեն Մելիք-Թանգյանից բռնագանձել փաստաբանական ծախսերը։ Հատկանշական է, որ խմբագրությունը ստացել է նոր տեղեկություններ այն մասին, որ հայցադիմումում Կարեն Մելիք-Թանգյանը դատարանին ներկայացրել է պաշտոնական կեղծիք պարունակող տեղեկություններ (ենթադրյալ)։

Այժմ խմբագրությունն ուսումնասիրում է այդ տեղեկություններն ու առկա նյութերը և առաջիկայում հանդես կգա նոր հրապարակմամբ։

ՀՀ ՊՆ հարցման պատասխանը՝ Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցման մասին
ՀՀ ՊՆ հարցման պատասխանը՝ Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցման մասին
ՀՀ ՊՆ հարցման պատասխանը՝ Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցման մասին, ուղղորդում
ՀՀ ՊՆ հարցման պատասխանը՝ Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցման մասին, ուղղորդում
ՀՀ ՊՆ հարցման պատասխանը՝ Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցման մասին, համաձայնեցում
ՀՀ ՊՆ հարցման պատասխանը՝ Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցման մասին, համաձայնեցում
2986 | 0
Facebook