«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ». Սերգեյ Ղազարյան
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը «Արցախպրես» լրատվական գործակալությանը - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։ - Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։ Այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝ ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։ Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։ - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է։ - Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
|