Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենսդրական փաթեթն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում». Զարուհի Բաթոյան

23:24, չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ.
«Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենսդրական փաթեթն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում». Զարուհի Բաթոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի գրառումը. «Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է.
     Այսօր պետք է ամփոփենք կանանց սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական իրավունքների ոլորտում արձանագրված արդյունքները և նախանշենք անելիքները:
     Նախորդ տարվա ընթացքում առանձնակի ուշադրություն եմ դարձրել ընտանեկան բռնությանը վերաբերող օրենսդրության բարելավմանը՝ նկատի ունենալով, որ դրանից հիմնականում տուժում են կանայք և երեխաները: Օրենսդրական փաթեթն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Հույս ունեմ՝ դրա ընդունումը կլուծի բազմաթիվ խնդիրներ, որովհետև փաթեթը մանրամասն քննարկվել և մշակվել է կանանց իրավունքների ոլորտի և Կառավարության գործընկերների մասնակցությամբ:
     Եվս մեկ այդպիսի համագործակցության արդյունք է Աշխատանքային օրենսգրքի նախագծով սահմանվող սեռական ոտնձգության արգելքը, ինչպես նաև այլ կարգավորումներ, որոնք բարելավում են երեխա խնամող կանանց իրավիճակը: Կանանց տնտեսական հզորացման համար չափազանց կարևոր է բարենպաստ և ապահով աշխատանքային միջավայրը, ուստի այս օրենսդրական փոփոխությունը էական քայլ է այդպիսի միջավայրի ձևավորման համար:
     Ինչ վերաբերում է տեղեկատվության, աշխատանքային և կրթական միջավայրի, տրանսպորտային ոլորտի մատչելիությանն ուղղված իմ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք օրենք են դարձել, ապա հույս ունեմ՝ դրանք կնպաստեն հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների իրացմանը, քանի որ կանանց խմբում նրանք շարունակում են ամենախոցելին մնալ:
     Բազմաթիվ անելիքներ ունենք հետպատերազմյան այս շրջանում կանանց՝ հատկապես դեռևս շրջափակման պայմաններում ապրող մեր արցախցի քույրերի և մայրերի պաշտպանության ուղղությամբ: Այս խնդիրները չեն կարող լուծվել առանց կանանց և տղամարդկանց ներգրավվածության, առանց տեղական և միջազգային համագործակցության:
     Մեզ ուժ և միասնականություն եմ մաղթում բոլոր հին ու նոր մարտրահրավերներին դիմակայելու համար:
     Շնորհավոր մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը»:

2194 | 1
Facebook