Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տարեկան մոտ 20 միլիոն ուղևոր փոխադրող Երևանի մետրոպոլիտենը 42 տարեկան է

23:54, երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ.
Տարեկան մոտ 20 միլիոն ուղևոր փոխադրող Երևանի մետրոպոլիտենը 42 տարեկան է

1981 թվականի մարտի 7-ին Կարեն Դեմիրճյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ օրվանից շահագործման հանձնվեցին միանգամից 5 կայարաններ՝ «Բակերամություն», «Մարշալ Բաղրամյան» (նախկինում «Սարալանջի»), «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ» (նախկինում «Լենինի հրապարակ»), «Սասունցի Դավիթ»։ Բացման կապակցությամբ նույն տարում բոլոր կայարաններով շրջայց էր կատարել նաև Մարշալ Բաղրամյանը, ում պատվին 1983 թվականին կայարաններից մեկը անվանակոչվեց Մարշալի անունով։ Հետագայում շահագործման հանձնվեցին նոր կայարաններ ևս, 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին «Շենգավիթ» և 1986 թվականին «Գարեգին Նժդեհ» (նախկինում «Սպանդարյան»), 1989 թվականին «Զորավար Անդրանիկ» (մինչև 1991 թվականը՝ «Հոկտեմբերյան») կայարանները։ Վերջին կայարանը, որ կառուցվել և շահագործման է հանձնվել անկախ Հայաստանի տարիներին, «Չարբախ» կայարանն է, որը կառուցվել է 1996 թվականին։ Այսպիսիով, ներկայումս Երևանի մետրոպոլիտենը ունի 10 կայարան, որոնցից երեքը վերգետնյա են, մնացածը՝ ստորգետյա, ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, իսկ շահագործվող վագոնների թիվը 32 է։
     Մետրոպոլիտենը տարեկան փոխադրում է ավելի քան 20 մլն ուղևոր։
     Հետաքրքիր է, որ Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում։ Սակայն Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությանը՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, հաջողվում է համոզել Մոսկվային, որ նոր կառուցվող և ընդլայնվող քաղաքին խիստ անհրաժեշտ է ստորգետնյա տրանսպորտի այս տեսակը։
     1999 թվականին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց Կարեն Դեմիրճյանի անունով։

3243 | 0
Facebook