Ռուս ուղղափառ եկեղեցու ընտանիքի, մայրության և մանկության պատրիարքական հանձնաժողովն առաջարկել է արգելել ամուսնացած կանանց հղիության արհեստական ընդհատումն առանց ամուսնու համաձայնության։ Ռուս ուղղափառ եկեղեցին նաև կարծում է, որ օրենսդրությունը պետք է նախատեսի պտղի սրտի զարկերի պարտադիր ունկնդրում։
«Կնոջ խնդրանքով հղիության արհեստական ընդհատումը պետք է իրականացվի ոչ միայն իր՝ կնոջ, այլև ամուսնու կամավոր համաձայնությամբ։ Անհրաժեշտ է, որ այն իրականացվի պարտադիր նախաաբորտային հոգեբանական խորհրդատվությունից հետո, և դա պետք է ամրագրվի օրենքով, ինչպես նաև ուլտրաձայնային եղանակով մարդու պտղի սրտի զարկերի ցուցադրում»,- ասել է հանձնաժողովի նախագահ, քահանա Ֆյոդոր Լուկյանովը։
Նա նաև կարծում է, որ անհրաժեշտ է քրեական և վարչական պատասխանատվություն մտցնել հղիության արհեստական ընդհատումների ապօրինի վարման և գովազդի համար. «Բժշկական աբորտների 75%-ը տեղի է ունենում մասնավոր կլինիկաներում, և դրա դեմ նույնպես պետք է պայքարել»։