Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրետակոծությունից 2 ամիս անց. ինչպես ապրում է Ջերմուկն այսօր

23:12, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
Հրետակոծությունից 2 ամիս անց. ինչպես ապրում է Ջերմուկն այսօր

Առողջարանային Ջերմուկի տնտեսությունը հենված է զբոսաշրջության վրա․ չկան զբոսաշրջիկներ` շղթայական ռեակցիայով տուժում են քաղաքի մնացած ոլորտները։ «Սպուտնիկ Արմենիա»-ի նկարահանող խումբը շրջել է քաղաքում՝ փորձելով հասկանալ, թե ինչ հոգսեր և հույսեր ունի քաղաքն այսօր։
     Տխուր․ մեկ բառով այսպես կարելի է բնորոշել Հայաստանի ամենահայտնի ու ամենաեկամտաբեր զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Ջերմուկն այսօր։ Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո թեպետ բնակչության մեծ մասը վերադարձել է, սակայն զբոսաշրջային ակտիվությունը չի վերադառնում։

Մեր առաջին կանգառը «Ջերմուկ աշխարհում» էր․ սա միակ առողջարանն է, որի շինությանը վնասվել է հրետակոծության հետևանքով։ Հարևանությամբ գտնվող գազատարի պայթյունի ալիքը վնասել է պատը, կոտրվել են պատուհանների ապակիները։ Դեպքերից շաբաթներ անց նաև պարզել են, որ նետված արկերից մեկն էլ տանիքի վրա է ընկել։ Բարեբախտաբար, շենքի այդ հատվածի վերին հարկերում կենվորներ չեն եղել։
     «Առողջարաններում ընդունված է, որ հյուրերը հիմնականում ժամանում են երկուշաբթի օրերին, միայն սեպտեմբերի 12-ին (երկուշաբթի) 40 նոր հյուր էինք ընդունել, ընդհանուր առմամբ շենքում 70 հյուր կար, այսինքն՝ 90 տոկոսը զբաղված էր»,- պատմում է առողջարանի ադմինիստրատոր Հռիփսիմե Պապոյանը։

Թեպետ արդեն մոտ մեկ ամիս է՝ առողջարանը վերսկսել է աշխատանքը, բայց հատուկենտ հյուրեր են ունենում․ բոլորը մտահոգված են անվտանգության հարցով։ Ծախսերը շատ են, եկամուտներ չկան․ առողջարանը ստիպված է եղել ժամանակավորապես անձնակազմի կրճատման գնալ։ Սա տարվա այն շրջանն է, երբ արդեն ամանորյա ամրագրումներն էին արվում։ Հռիփսիմե Պապոյանը նշում է՝ անցյալ տարվա այս ժամանակահատվածում արդեն ազատ սենյակներ չկային, մինչդեռ այս պահի դրությամբ ամանորյա ամրագրումները մոտ 40 տոկոս են, այն էլ՝ նախնական։

Հռիփսիմեի խոսքով՝ դժվարին պայմաններում ոտքի կանգնել փորձող հյուրանոցային, առողջարանային համակարգի համար վերապահումներ չեն արվել։ Կոմունալ վճարումների, հարկային պարտավորությունների համար գոնե ժամկետների երկարաձգում չի եղել, թեպետ հույս ունեն` հատուկ ձևաթղթեր են լրացրել՝ ներկայացնելով ֆինանսական ծախսերը, սպասում են գործադիրի արձագանքին։

«Սա համապետական նշանակության առողջարանային քաղաք էր, որն արդեն քայլեր էր անում միջազգային նշանակության վերածվելու։ Եթե քաղաքի առողջարանային համակարգը չակտիվացավ, դժվարություններ կլինեն։ Բնակչության մոտ 80-90 տոկոսը վերադարձել է, սակայն աշխատատեղերի հետ կապված խնդիրներ կան»,- նշում է փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4329 | 0
Facebook