Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱԺԲ-ն Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել

09:06, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
ԱԺԲ-ն Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը.
     «Աղավնո, Բերձոր, Հայաստան
     ԲԱՑ ՆԱՄԱԿ- ԴԻՄՈՒՄ
     Աղավնո համայնքի բնակիչներից՝
     Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին,
     Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին,
     Նիկոլ Փաշինյանին,
     Ստեփանակերտի Արայիկ Հարությունյանին.
     Պայմանավորված պատերազմի վերջնարդյունք-հայտարարարության կետերի համաձայն՝ մինչ օրս շարունակվող հիբրիդային, զավթողական գործողությունների հետևանքով հայաթափվում է և կամովին թշնամուն է հանձնվում հավերժ Հայաստանի մաս եղած Արցախը: 2020թ. Նոյեմբեր 9-ի եռակողմ փաստաթղթի համաձայն մինչև երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր նոր միջանցք՝ դեպի Սյունիքի մարզ: Աղավնո հայտնի գյուղն այս նոր տխրահռչակ միջանցքից ընդամենը 1200 մետր է հեռու, սակայն Աղավնոյի հայաթափումն ու փոխանցումն Ադրբեջանին՝ այլևս անխուսափելի է դառնում:
     Այսօր Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերի դավադիր քաղաքականության արդյունքում շարունակաբար հայաթափվում են հազարամյա հայկական գյուղերն ու քաղաքները: Հաջորդը՝ ըստ Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության՝ համեմատաբար երիտասարդ Աղավնոն է լինելու:
     Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Ջո Բայդեն.
     Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Էմանուել Մակրոն.
     Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից:
     Իրականացվող գաղտնի գործարքը Երևանի և Բաքվի միջև՝ հանդիսանում է ոչ այլ ինչ՝ քան ցեղասպանության տարատեսակ և ի դեմս մեզ՝ փախստականների նոր խմբաքնակի առաջացում: Արցախի վարչախումբը՝ մեզ մոտ էմիսարներ է ուղարկել, որոնք բացահայտորեն մեզ կոչ են արել լքել մեր տները, որովհետև գյուղի դավաճանական փոխանցումից հետո անկարող են լինելու ապահովել մեր անվտանգությունը, իսկ տեղի ռուսական զորքը հեռանալու է այս տարածքից:
     Մենք չունենք այլևս այլ հույս՝ քան ձեր՝ Մինսկի Խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ երկու պետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների միջամտությունն ու միջնորդությունը՝ վերահաս և անխուսափելի թվացող հումանիտար աղետը կանխելու նպատակով:
     Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերից մենք պահանջում ենք անհապաղ ձեռք առնել բոլոր միջոցները՝ Աղավնո գյուղը նոր միջանցքի՝ Կոռնիձորի միջանցքի մեջ ներառելու ուղղությամբ: 1200 մետրի հարց Բաքվի ձեր գործընկերոջ հետ դուք հաստատ կարող եք լուծել: Եթե, իհարկե, ցանկանաք: Դուք պետք է դա ցանկանաք: Դուք պարտավոր եք դա ցանկանակալ:
     Աղավնո համայնքի բնակիչներ
     Նշենք, որ այսօր Բևեռը Աղավնոյի բնակիչների նամակ-դիմումը կհանձնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ»։

Աղբյուրը` ԱԺԲ
4331 | 0
Facebook