Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջարկում եմ, որ արձանի պատվանդան հանդիսանա 7 մետր բարձրությամբ սպիտակ «Նիվա»-ն». Հեքիմյան

17:36, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Առաջարկում եմ, որ արձանի պատվանդան հանդիսանա 7 մետր բարձրությամբ սպիտակ «Նիվա»-ն». Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ծառուկյան Գագիկը 33 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ է հայտարարել:
     Տեսնես՝ տեղյա՞կ է արդյոք Ծառուկյան Գագիկը, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի մոտակայքում գտնվող Կորկովադու բարձունքի վրա դեռևս 1931 թ կառուցվել է 38 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանը: Եվ, եթե տեղյակ է, ապա ինչու՞ է պատվիրում Քրիստոսի՝ բարձրությամբ, ավելի ցածր արձան: Չեմ կարծում, որ ավելորդ 5 մետրի համար նախատեսված շինանյութն է խնայում: Խնդիրը պետք է պարզ հարթության մեջ փնտրել: Օրինակ՝ ի՞նչն է հանդիսանալու արձանի պատվանդանը: Հենց այստեղ է խնդիրը:
     Հաշվի առնելով Ծառուկյան Գագիկի նախասիրությունները, ինչպես նաև սթափ գնահատելով մեր երկրի անցյալն ու ապագան, առաջարկում եմ, որ արձանի պատվանդան հանդիսանա 7 մետր բարձրությամբ սպիտակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հզոր արձան կստացվի: Քրիստոսը մեր անցյալի, իսկ սպիտակ «Նիվան» ՝ ապագայի խորհրդանիշն է: Ողջ աշխարհը կտեսնի, որ մենք, նկատի ունենալով անցյալը, լիաքարշակ ձևաչափով սլանում ենք դեպի սպիտակ ապագա:
     Այսպիսով, բոլորը բավարարված կլինեն և, հաշվի առնելով պատվանդանը, արձանի ընդհանուր բարձրությունը կկազմի 40 մետր, ինչը 2 մետրով բարձր կլինի Ռիո դե Ժանեյրոյի նմանատիպ արձանից: Եվ ո՞վ գիտի, միգուցե արձանը ճանաչվի որպես աշխարհի 7 նոր հրաշալիքներից մեկը:
     Խորը մտածեք և կհասկանաք, որ սպիտակ «Նիվա»-ով Հիսուս Քրիստոսի արձանն այլընտրանք չունի»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
8301 | 2
Facebook