Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպես են առաջացել Համշեն և համշենահայություն եզրույթները». Սիրեկանյան

01:06, երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ.
«Ինչպես են առաջացել Համշեն և համշենահայություն եզրույթները». Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք, թե ինչպես են առաջացել Համշեն և համշենահայություն եզրույթները:
     Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թթ.-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
     XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489 թ.-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406 թ.-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
     XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն»։

5759 | 0
Facebook