Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ողջ հետաքննող մարմինները». Ռոբերտ Հայրապետյան

16:24, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ողջ հետաքննող մարմինները». Ռոբերտ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ-ում կրկին քննարկման թեմա է դարձել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն իշխանությանը կամ ըննդիմությանը վերապահելու հարցը։

ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Քննիչ հանձնաժողովի գաղափարը փոխառված է գերմանական սահմանադրական իրավունքից (Basic Law for the Federal Republic of Germany, Article 44 [Committees of inquiry]):

Այս գործիքակազմը նախատեսված է հենց ընդդիմության համար՝ որպես խորհրդարանական մեծամասնությանը հակակշռող գործիք:

2015 թվականի (գործող) Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմնավորումների «Ընդդիմության դերի ուժեղացումը» վերտառությամբ 4-րդ կետում նշված է՝ «Նախագիծը նախատեսում է նաև քաղաքական փոքրամասնությունների հետևյալ իրավունքները.

- քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու իրավունք.»։

Ակնհայտ է, որ սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության խորհրդարանական գործիք և այս տեսանկյունից, իրոք, տարօրինակ է իշխանության կողմից նման նախաձեռնությունը։

Իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ողջ հետաքննող մարմինները, որոնց գործունեությունը հենց միտված է բացահայտել տեղի ունեցած բոլոր տեսակի անօրինական գործողությունները՝ ներառյալ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունը, եթե իրապես նպատակ ունենար բացահայտելու 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանծագործություններն ու դրանց պատճառները, ապա դա կաներ պետական գործիքակազմով և ընդհանրապես կարիք չպիտի ունենա ստեղծելու քննիչ հանձնաժողով»:

3412 | 0
Facebook