Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

00:36, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում:

Հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:

«Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները:

| | |
2554 | 0
Facebook
COMMENT.am