Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շրջված դասարանից» աշակերտը կօգտվի ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ․ ԿԳՄՍ

13:45, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
«Շրջված դասարանից» աշակերտը կօգտվի ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ․ ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է
     «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն
     ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և
     մանկավարժական առաջավոր փորձը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են
     ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը
     հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով:
     Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն
     Նարինե Սարգսյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներն են «Հանրակրթական ուսումնական
     հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում: Մրցույթում
     նրանք ներկայացրել են «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար
     ուսուցման ձևեր)» նախագիծը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին:
     Նախագծի հեղինակները պատմում են, որ ծրագրի մշակմամբ նպատակ են դրել աշակերտների համար ստեղծել
     սովորելու առավել հարմար միջավայր և հնարավորություն։
     «Համավարակի պայմաններում կրթության հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը բոլորիս կանգնեցրեց
     մի շարք խնդիրների առաջ, որոնք լուծելու համար սկսվեց համագործակցված աշխատանք Սարգիս Խաչատրյանի
     հետ: Արդյունքում՝ առաջացավ «Շրջված դասարանի» գաղափարը, որը հնարավորություն կտա առավել
     մատչելի դարձնել ուսուցման գործընթացը և կունենանք առարկայական նյութերի ընդհանուր բազա, ինչը
     կնպաստի ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցների հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ
     կազմակերպմանը: Այսինքն՝ ծրագրի հիմնական խնդիրն է դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր,
     որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ։ Բացի դրանից՝ մենք
     նպատակ ունենք սովորեցնել ուսուցիչներին և աշակերտներին՝ աշխատել և սովորել «Շրջված դասարանում»,
     ինչպես նաև իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- ծրագրի մանրամասներն է
     ներկայացնում Նարինե Սարգսյանը:
     Սարգիս Խաչատրյանն իր հերթին ասում է՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ աշակերտները կստանան
     սովորելու համար իրենց անհատական տվյալներին համապատասխան ժամանակ, ինչպես նաև իրենց տրված
     նյութը հիմնավոր կյուրացնեն և այն խորացնելու հնարավորություն կունենան։ Ծրագրի հեղինակները
     վստահեցնում են, որ դրա արդյունքում ծնողները կտեսնեն ուսուցչի աշխատանքը, իրենց երեխաներին տրված
     նոր հնարավորությունները, ինչի արդյունքում նրանց շրջանում կձևավորվի ավելի բարձր կարծիք դպրոցի և
     ուսուցչի մասին։
     Ծրագիրը նախատեսում է «Microsoft Teams» հարթակում ստեղծել «Շրջված դասարան», ապա
     ուսուցիչներին ուսուցանել՝ ինչպես աշխատել, իսկ աշակերտներին՝ ինչպես սովորել «Շրջված դասարանում»։

2020-2021 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի 10-րդ դասարաններում՝ երկու առարկայի, 2021-
     2022 ուսումնական տարում՝ չորս առարկայի, իսկ 2022-2023 ուսումնական տարում՝ բոլոր առարկաների
     գծով: Երկու ամիսը մեկ անգամ կկատարվեն ներքին գնահատում և անհատական վերահսկողություն՝
     սովորողների հաջողությունները և դժվարությունները գնահատելու համար։ Այդ ամենից զատ՝ նախատեսվում է
     կազմակերպել մեթոդական օգնություն՝ արձանագրված դժվարությունները հաղթահարելու համար:
     Նախագծի հեղինակները վստահ են՝ ծրագիրը կդառնա դպրոցի ուսումնական աշխատանքի կազմակերպման
     հիմնական ռազմավարությունը և կարտացոլվի տարեկան աշխատանքային պլանում։ Որպես ծրագրի
     առավելություն՝ նրանք նշում են այն փաստը, որ ուսուցիչը ժամանակ է շահում և այն օգտագործում
     դասարանում գործնական աշխատանքի համար:

3990 | 0
Facebook