Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

20:10, ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
Այսօր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգիի սենյակը եւ խոսեցեք ձեր խղճի հետ եւ ըսեք, արդյոք աշխատե՞ր եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տվե՞ր էք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը:

Նիկոլ Աղբալյան

Այսօր Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է. մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից:

Ա. Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է եղել: Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:
     1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը: Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ` թե՛ հակառակորդների, թե՛ կողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան:

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու»,- ասել է Արամ Մանուկյանը:

1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր:

Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918թ.-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս` 1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր:

8036 | 0
Facebook