Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ԱԳՆ-ը ողջունել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Եվրոխորհրդարանի դիրքորոշումը

20:55, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Արցախի ԱԳՆ-ը ողջունել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Եվրոխորհրդարանի դիրքորոշումը

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում։
     Ողջունում ենք Եվրոխորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:
     Միանում ենք Եվրոխորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:
     Կիսում ենք Եվրոխորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա»:

7227 | 0
Facebook