Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտությանը միջամտելը

15:35, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտությանը միջամտելը

ԵՄ ղեկավարները կոչ են արել Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտությանը միջամտելը և կառուցողական դեր խաղալ իրավիճակի լարվածությունը թուլացնելու գործում: Այս մասին հայտարարել է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Այո՛, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա, որպեսզի նպաստի լարվածության թուլացմանը։ Մենք ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, այն բարդացնում է իրավիճակը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության հետ, ըստ որի՝ սիրիացի գրոհայինները Թուրքիայի տարածքով տեղակայվել են հակամարտության գոտում:
     Ինչպես ասված Է գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրախորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել հավատարմությունը կայուն հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:
     «Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ՝ առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը հայտնում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին (Ժոսեպ Բորել՝ խմբ.) ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը»,- նշված է փաստաթղթում:

7274 | 0
Facebook