Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

14:55, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

Այսօր հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի` Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է:

Որբանալով վաղ տարիքում՝ Կոմիտասը հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895-ին նա ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում։ Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը:

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը... Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային... Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- այսպես է նրան բնորոշել Ավետիք Իսահակյանը։

Եղեռնի դրվագներից հետո, թեև աշխատանքների կորուստը ծանր ազդեց Վարդապետի ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը, բայց ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանը պնդում է, որ նա չի խելագարվել ու մինչև կյանքի վերջ էլ առողջ է ապրել:

«Դուք դա կհասկանաք, եթե կարդաք նրան այցելած մարդկանց հիշողությունները»,- ասել է հոգեբանը:

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։

Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի:

Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից»։

Կոմիտասի մտքերից

«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
3019 | 0
Facebook