Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեռքերս լվացել եմ հեղափոխության փառքից, ինձ այդ տորթից բաժին պետք չէ». Միքայել Նահապետյան

03:10, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Ձեռքերս լվացել եմ հեղափոխության փառքից, ինձ այդ տորթից բաժին պետք չէ». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սա շատ վաղուց սկսվեց: Նրանք ժամանակին հասկացան, որ ուժային կառույցներում նորանոր կադրային ջարդերի, լավից-վատից կտրուկ կանոնների պայմաններում գործակալական ցանցը պահելը դժվար է լինելու, իսկ, եթե դրանք քաղաքականացված չլինեին` անհնար:
     Դրա համար ագենտուրան համամասնորեն լցվեց կուսակցությունների մեջ, որտեղից օպերատիվ հանձնարարությունն իբրև «քաղաքական ծրագիր» ներկայացնելը հեշտ կլիներ, իսկ բռնվելու դեպքում «քաղհալածանքի» մասին լրբությունը կա ու կա:
     Նստած սպասում ենք թե որտեղի՞ց վերջապես գլուխ կբարձրացնեն, ովքե՞ր են այդ արտաքին գործակալները, որ էսպես խառնում են ներքին կյանքը: Սպասում ենք, որ մի համընդհանուր պոռթկում կլինի ու վերջապես բոլոր լրտեսներն իրար գլուխ կհավաքվեն, մենք էլ վզներից կբռնենք ու կառանձնացնենք:
     Բայց այդպես չի լինելու, որովհետև արտաքին որևէ ուժի քաղաքականությունը պահանջում է ոչ թե կողմերից մեկի լիակատար հաղթանակը, այլ՝ հենց գզվռտոցի: Նրանց լուծում պետք չէ, նրանց գործակալների հաղթանակը պետք չէ (որովհետև «սուրբ տեղը դատարկ չի մնա» սկզբունքին ծանոթ են): Նրանց պետք է խառնաշփոթ, պետք է, որ բոլորը բոլորին կասկածեն, գործակալները գործակալներին «գործակալ» անվանեն: Որովհետև համընդհանուր կասկածի մթնոլորտը խժռում է քաղաքական ցանկացած երաշխիք և, ուրեմն, սուվերեն կերպով պայմանավորվելու ամեն հնարավորություն:
     Ահա պայմանի բացակայությունն է, որ մեզ դպրոցական տղայության մակարդակի բերեց` ձեռքերը գրպաններում, շիվարած, սրա-նրա նախատինքին սպասող:
     Հայաստանում իշխանափոխության բոլոր հեռանկարները կորսված են, չկա որևէ պայմանի գալու հնարավորություն: Մեզ պետք է շտապ համակարգային փոփոխություն: Միայն հեղափոխությունը կարող է առժամանակ սև ու սպիտակ ներկել դաշտը` մինչև նոր գործակալներ կլցվեն: Իսկ այդ շահած ժամանակամիջոցում հակահետախուզության, դատարանի ու ընտրական օրենսգրքի միջոցով պիտի ընկնենք-պատվաստենք մեր պետության նորածին սաղմը: Այլ ելք չկա»։
     Այս տեքստը հրապարակել եմ 2017թ-ի սեպտեմբերի 26-ին՝ հեղափոխական գործընթացներից 6 ամիս առաջ։
     Բոլոր կանխատեսումները կետ առ կետ իրականացան, նույնիսկ «առժամանակ քաղաքական դաշտը սև ու սպիտակ ներկելը» բառացիորեն իրականացավ։ Սակայն կորսվեց ամենակարևորը՝ շահած ժամանակամիջոցը, որում մենք պիտի անեինք պահանջվող ռեֆորմները։
     Ես ձեռքերս լվացել եմ հեղափոխության փառքից, ինձ այդ տորթից բաժին պետք չէ, թող համարվի, որ ամեն ինչ արել է «Քաղաքացիական պայմանագիրը» ու Նիկոլ Փաշինյանը։ Բայց օրակարգը չիրականացնելու համար պատժից ես իմ ձեռքերը չեմ լվանալու»։

6361 | 0
Facebook