Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանի գործով դատական նիստում հրապարակվեցին գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում որպես սպանություն կատարած անձ նշվեց Հայկ Սարգսյանի անունը: Իր ցուցմունքում վկան շեշտում էր, որ գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հետ հանդիպմանը վերջինն իրեն հորդորել է հեռու մնալ Սարգսյանների ընտանիքից:
Նշենք, որ վկան այժմ ԱՄՆ-ում է, ձեռնարկված միջոցառումներով հնարավոր չի եղել ոչ ապահովել նրա ներկայությունը, ոչ էլ տեսակապով հարցաքննություն իրականացնել: Այդ իսկ պատճառով էլ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:
Ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց հրաժարվեց ամբաստանյալ Հայկ Սարգսյանը:
Դատարանը՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի, առաջարկեց անցել ապացույցների հետազոտման փուլին: Մեղադրող կողմը՝ դատախազ Աբգար Առաքելյանը ժամանակ խնդրեց մեղադրական նյութերին ծանոթանալու համար: Նիստն ընդմիջվեց:
Նիստից հետո ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվի, որովհետև ապացուցող փաստերը բացակայում են: