Խնդրում ենք սպասել...

Համացանց

«88-ի շարժման մարտիկները հայրենասեր էին, բայց ԽՍՀՄ դպրոցական ծրագրում ոչ ոք չէր սովորել կրոնի պատմություն». Արտակ Գալստյան

12:20, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
«88-ի շարժման մարտիկները հայրենասեր էին, բայց ԽՍՀՄ դպրոցական ծրագրում ոչ ոք չէր սովորել կրոնի պատմություն». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենասիրությունն օդից չի լինում: Հայրենասեր օդից չեն դառնում, այդ կարգավիճակի հիմքը գիտելիքն է:
     Որպեսզի հայը հայրենասեր դառնա, նա պետք է կարդա Չարենց, Դեմիրճյան, Շիրազ և այլ հայ մեծերին, տեղյակ լինի հայոց պատմությունից, գրականությունից, արվեստագետներից, կրոնից:
     Ճանաչի մեր զորավարներին, հերոսներին, տեղյակ լինի հանուն հայրենիքի նրանց կատարած սխրանքներից:Հոգու կանչով և սրտով, փորձի նմանվել նրանց:
     Իսկ ամենակարևորը` նա պետք է ցանկանա լինել հայրենասեր:
     Այսինքն` հայրենասիրությունը անհնար է պարտադրել:
     Հիմա անրադառնամ կրոնի պատմությունը դպրոցական պարտադիր ուսուցման ծրագրից հանելու կառավարության նախագծին:
     1988-ի շարժման և Արցախյան գոյամարտի մարտիկները, նրանք բոլորը հայրենասերներ էին, բայց ԽՍՀՄ դպրոցական ծրագրում նրանցից ոչ ոք չէր սովորել կրոնի պատմություն:
     Բայց երբ գրավվում էր Շուշին, մեր հերոսների հագուստների վրա խաչ էր պատկերված:
     Տղաները հայրենասեր էին, որովհետև ուզում էին լինել այդպիսին: Դա ԽՍՀՄ-ի ժամանակ ոչ միայն պարտադրված չէր, այլ նաև արգելված էր:
     Կրոնի պատմությունը նեղ մասնագիտական է: ՀՀ-ում կա այդ նեղ մասնագիտությունը ուսանելու համար Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան), Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ Կաթողիկոսի կողմից 1874 թվականին:
     Աշակերտը, որը սովորում է դպրոցում «Հայ Ժողովրդի պատմություն» առարկան, ուսանելու ընթացքում, ուզի թե չուզի գիտելիք է ձեռք բերում նաև մեր կրոնի, հայապահպանության գործում դրա դերի, նշանակության, մեր անվանի կաթողիկոսների և նրանց ազգանվեր գործերի մասին:
     Հենց այս գիտելիքն է, որ մեր մեծերին գրվածքների, գործերի, սխրանքների հետ համակցության մեջ աշակերտին դարձնում է հայրենասեր, եթե, իհարկե, նա ցանկանում է դառնալ այդպիսին, այսինքն` սովորում է:
     Ընդունեք, որ պարտադրել այդ աշակերտին, որ նա անգիր սովորի արևելահայերենով բոլոր աղոթքները, անգիր իմանա ավետարանը, Հայաստանի բոլոր կաթողիկոսների անունները, ծննդյան թվերը և նրանց հրատարակած բոլոր կոնդակները և այլն, բացարձակապես կապ չունի աշակերտի արժեքային համակարգի ձևավորման, կամ հայրենասեր լինելու հետ:
     Այս ամենը արդեն նեղ մասնագիտական է, որը աշակերտը եթե ցանկանա կարող է սովորել Գևորգյան հոգևոր ճեմարանում (աստվածաբանական համալսարանում):
     Ընդունեք, որ անարդարացի կլինի, լավ սովորող երեխայի ավարտական ատեստատը, որը դիցուք` նախընտրել է դառնալ բժիշկ, փչացնել միայն այն բանի համար, որ նա չգիտի և չի ցանկանում իմանալ, 72-76թթ Զեմենդոս կաթողիկոսի կողմից արձակված թվով երրորդ կոնդակի բովանդակությունը:
     Ամփոփեմ ՝
     Դպրոցական ուսուցման պարտադիր ծրագրերից կրոնի պատմության դուրս բերման շուրջ բարձրացված այս աղմուկը, ժողովրդի մեծ մասի մոտ էմոցիոնալ պոռթկում է, որը հետևանք է ԿԳՄՍ Նախարարության կողմից իր ծրագրերը հանրությանը ճիշտ ներկայացնելու և պարզաբանելու անկարողությունից, իսկ մի չնչին մասն էլ կրկին աղավաղում է իրականությունը` դրանով իսկ փորձելով վարկաբեկել կառավարությանը:
     Իսկ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելու և դա բուհերի հայեցողության թողնելու Կրթության նախարարության առաջարկությանը կանրադառնամ հաջորդ հրապարակմամբ»:

5847 | 1
Facebook