Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Փոքր ու աղքատ համայնքների պատկառելի ունեցվածքի տեր ղեկավարները ևս կպարտավորվեն հայտարարագիր ներկայացնել

13:05, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
Փոքր ու աղքատ համայնքների պատկառելի ունեցվածքի տեր ղեկավարները ևս կպարտավորվեն հայտարարագիր ներկայացնել

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվը: Ինչպես նշեց նախագծի հեղինակ Մ.Թանդիլյանը, ներկա օրենսդրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները: Արդյունքում՝ 502 համայքների ղեկավարներից հայտարարագիր են ներկայացնում 19 համայնքի (այդ թվում՝ Երևանի) ղեկավար:

Փոփոխության արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց թիվը ներկայիս 3200-ից կհասնի մոտ 4400-ի՝ ավելանալով 1200-ով: «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը մտահոգություն հայտնեց, թե օրենքի ընդունման արդյունքում նոր կազմավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ի զորու կլինի՞ կրել փոփոխության արդյունքում մոտ 4 հազար անձանց հայտարարագրերով զբաղվելու բեռը: Մ. Թանդիլյանն ի պատասխան ասաց, որ թեպետ կառույցը նոր է լինելու, սակայն գործառույթը նոր չէ:

Հանձնաժողովի անդամները նախագիծը կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Վ.Հովակիմյանը նշեց, որ վերջերս պարզել են, որ փոքր ու աղքատ համայնքների շատ ղեկավարներ պատկառելի ունեցվածքի տեր են:

Քննարկման արդյունքում որոշվեց, որ նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ կորոշակիացնեն հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ընդլայնումը փուլային տարբերակով կատարելու հարցը:

Նշենք, որ ՀՀ-ն ունի 49 քաղաք և 953 գյուղ:

| | |
1472 | 0
Facebook
COMMENT.am