Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

23:35, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել: Դրանում ասված է.«Ինչպես հայտնի է, մրցութային ընտրություն չանցած և բողոքող դասախոսներից գրեթե բոլորը վերադարձվել են համալսարանի նոր ղեկավարության կողմից՝ բարձրորակ դասախոսների դասաժամերի կրճատման հաշվին: Հետևանքները երկար սպասել չեն տալիս. ընդամենը 1-2 մուտքից հետո միանգամից 2 մեծ խումբ (Կառավարման 3-րդ և 4-րդ կուրսերի 4-րդ հոսքերը) չեն ցանկանում լսել հայտնի բողոքավոր դասախոս Գագիկ Ասլանյանի ձանձրալի դասախոսությունները «մենեջմենթ» և «ռազմավարական կառավարում» առարկաներից, որոնք կարևորագույն մասնագիտական առարկաներն են: Ինչպես այդ խմբերի ուսանողներն են նշում, նրանք պարզապես քնում են դասի ժամանակ և հրաժարվում են հանդուրժել այդ խաբեությունը՝ իրենց վճարած վարձի դիմաց: Ըստ մեր տեղեկությունների՝ համալսարանի նոր ղեկավարությունը, վախեցած լինելով բողոքի նոր օջախից, ստիպված որոշել է տեղափոխել Գագիկ Ասլանյանին այլ խմբեր, որոնց ուսանողներն իրենց կարծիքով պակաս գիտակից և պակաս պահանջատեր են: Մի կողմից՝ ուսանողների բողոքից շատ են վախենում, մյուս կողմից՝ պարտավորություններ ունեն ստանձնած Գագիկ Ասլանյանի և մրցույթով չընտրված այլ դասախոսների հանդեպ: Այս 2 հոսքերի ուսանողներին խնդրում ենք ոչ մի դեպքում հետ չկանգնել իրենց արդար դժգոհությունից, քանի որ արդեն հաջողել են: Իսկ այն խմբերը, ուր «կգործուղվի» տվյալ դասախոսը, կամ կդասավանդեն առարկային չտիրապետող այլ դասախոսներ, որովհետև համալսարանի ղեկավարության գնահատմամբ, ուսանողները պակաս գիտակից են, պետք է կրկնակի եռանդով չհանդուրժեն այդ անհարգալից և նվաստացնող վերաբերմունքը:

Հ.Գ. Տեղեկացանք, որ ուսանողներին թյուրիմացության մեջ են փորձել գցել՝ ասելով, թե իբր ռազմավարական կառավարման այլ մասնագետ չկա և միայն Գագիկ Ասլանյանն է կարող դասավանդել: Իրականում մրցույթի արդյունքներով, որոնց մենք ավելի շատ ենք հակված վստահել, հաղթել են ռազմավարական կառավարման 8 մասնագետ, որոնց շարքում Գագիկ Ասլանյանը, իհարկե, չկա»,-ասված է հայտարարության մեջ:

3765 | 0
Facebook