Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Համահայկական խաղերն ինձ ապրելու իմաստ են տալիս»․ Պերճ Հալաջյան

21:25, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Համահայկական խաղերն ինձ ապրելու իմաստ են տալիս»․ Պերճ Հալաջյան

Եգիպտոսը Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներկայացել է նախորդ անգամներից գրեթե կրկնակի կազմով՝ 208 մասնակից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Եգիպտոսի պատասխանատու Պերճ Հալաջյանը դա պայմանավորում է խաղերի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, նաև հանդիսավոր բացումն այս տարի Արցախում անցկացնելու հանգամանքով: Պերճ Հալաջյանը 1999 թվականից ընդգրկված է Համահայկական խաղերում: Նա նույնպես մարզիկ է եղել. 19 տարեկանում բարձրացատկի չեմպիոն է դարձել Եգիպտոսում, և նրա ռեկորդը՝ 1,89 մ, 1966-1967 թվականներին երկար ժամանակ պահպանվել է:

«Համահայկական խաղերն ինձ կյանք են տալիս, ապրելու իմաստ, քանի որ սպորտը լավագույն միջոցն է՝ միավորելու հայերին: Երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում, և շատ տպավորվում են, երբ Եգիպտոսի անապատներով ճամփորդելուց հետո տեսնում են Հայաստանի անտառները, լեռներն ու ձորերը․ մի բան է այդ ամենի մասին կարդալ գրքերում, մեկ այլ՝ տեսնել անձամբ:

Արցախում կայացած բացումը և անցկացրած մի քանի մրցումն աննախադեպ էին. աշխարհում սփռված հայերը միավորվեցին Արցախում, ճանաչեցին իրար և ցույց տվեցին մեր անպարտելի կամքը: Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերում անհրաժեշտ է ներգրավել երիտասարդներին, հայությունը պետք է միավորվի»,- նշել է Հալաջյանը։

2559 | 0
Facebook