Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հերքել է, որ իր գլխավորած «Հյուսիսի Լիգա» կուսակցությունը ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից: Այդ մասին հաղորդել է իտալական Messaggero պարբերականը:
«Ես այդ առիթով դատական գործընթացի մեջ եմ եղել, դա կանեմ այսօր, վաղը և միշտ»,-հայտարարել է փոխվարչապետը:
Ավելի վաղ Buzzfeed պարբերականը գրել էր, թե 2018թ. Մ. Սալվինիի մոսկովյան այցի ժամանակ նրա օգնական Ջանլուկա Սավոյնին Կրեմլյան բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում է կազմակերպել: Այդ ժամանակ իտալական կողմը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական կողմի հետ՝ նավթի առաքման վերաբերյալ: Ծրագրված էր, որ իտալական կողմը մեկ տարվա ընթացքում ստանալու էր 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 4 տոկոսը բաժին էր հասնելու կուսակցությանը:
Մ. Սալվինին հերքել է թե՛ հանդիպման, թե՛ գումար ստանալու տեղեկատվությունը:
«Հյուսիսի Լիգա» կուսակցությունում պնդել են, թե ռուսական կողմի հետ գաղտնի հանդիպումների մասին տեղեկատվությունը տարածում են նրանք, ովքեր Սորոսից գումարներ են վերցրել և Եվրոպան գաղթյալներով լցնելու ցանկություն ունեն:
Կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչն ասել է, որ խոսքը արված պնդումների և ոչ թե ապացույցների մասին է: Ընդդիմությունը, սակայն, կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչներից բացատրություն էր պահանջել: