Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել և պահանջել է քրգործ հարուցել։
Հաղորդման համար հիմք է հանդիսացել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հունիսի 11–ի հարցազրույցը, որտեղ նա խոսում է «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի ու մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին։
Ըստ Ալումյանի՝ Ջհանգիրյանն իր հարցազրույցում առնվազն երեք հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քգործ հարուցելու հիմք է։
«Հարցազրույցի վերջում, ի պատասխան Քոչարյանի ու մյուսների գործը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման վերաբերյալ հարցի, Ջհանգիրյանն ասել է, որ ՍԴ-ն հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալն ուղղեն։ Նրա ասածից հետևում է, որ երբ ՍԴ-ն դիմումի քննությունը մեկ ամսով հետաձգեց, շանս տվեց ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալն ուղղեն», այսինքն՝ Վերաքննիչ ատյանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա այդպես է, նշանակում է նախապես պլանավորված դատական ակտերի հետ գործ ունենք»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել «Մարտի 1»-ի գործով վարույթը և դիմել ՍԴ, որն էլ ընդունել էր վարույթ և որոշել հարցի քննարկման ժամկետը երկարաձգել մեկ ամսով։