Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջին ահազանգն ենք ստացել հեղեղումների հետ կապված․ ակտիվացել են նաև սողանքներն ու քարաթափումները»․ Ֆելիքս Ցոլակյան

12:45, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Առաջին ահազանգն ենք ստացել հեղեղումների հետ կապված․ ակտիվացել են նաև սողանքներն ու քարաթափումները»․ Ֆելիքս Ցոլակյան

«Արդեն առաջին ահազանգն ենք ստացել ջրերի, հեղեղումների հետ կապված՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից։ Այնտեղ Արաքսի ջրերը բարձրանում են և կարող են դաշտերը ծածկել»,- կառավարության այսօրվա նիստին զեկուցելով իրավիճակը՝ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Պապիկյանի հետ խոսել է խնդրի մասին և պատրաստվում են գնալ, տեղում ծանոթանալ խնդրին և աշխատանքներ իրականացնել։

Նախարարի խոսքով՝ ակտիվացել են նաև սողանքները․ «Վեց տեղերում սողանք ունենք․ ակտիվ սողանք կա Լոռվա մարզում, որը սպառնում է անտառային շերտի հոսք՝ դեպի մի գյուղի ճանապարհ, որը կարող է փակվել, մոտ 600 000 տոննա հող կարող է լցվել, ճանապարհը փակել, որի մաքրելը բարդ է լինելու։ Երկրորդ ճանապարհ կա, որի մասին պետք է մտածել, մենք արել ենք ինչ-որ բաներ, զգուշացումներ են եղել համայնքապետարաններին: Խոսքն Աթան գյուղի մասին է»,- նշեց Ցոլակյանը՝ հավելելով, որ մեծ խնդիր են ներկայացնում նաև քարաթափումները. «2013-ին հաստատվել է հայեցակարգ սողանքների հետ կապված: Հիմա քարաթափման վտանգ կա Այրումի ճանապարհին: Կան պայթեցնող կազմակերպություններ: Հիմա որ պայթեցնողը գա, պայթեցնի, պետք է տրանսպորտի նախարարությունը գումար տա, դրա համար պետք է մրցույթ կազմակերպել: Մենք այդ ժամանակը չունենք: Դրա համար, թող այդ կառույցները իրենց մոտ ունենան որոշակի գումար, իսկ հետո թող հաշվետվություն տան: Պետք չի մտածել, որ այդ գումարն այլ տեղ կծախսեն: Եթե նման բան կանեն, թող պատժվեն»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց արագ գտնել մեխանիզմներ․ «Մենք պետք է գնանք կանխարգելման ճանապարհով, թե ինչպես պետք է իրականացնել աշխատանքները, որպեսզի խնդիրների առջև չկանգնենք»,- ասաց նա։

2370 | 0
Facebook