Մեծ Բրիտանիայի թագուհին ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նա հայտարարել է, որ «խոր ցավ» է ապրել կատարվածից, և արտահայտել է իր «անկեղծ հիացմունքը» հրշեջների աշխատանքի նկատմամբ, փոխանցում է CNN-ը: «Արքայազն Ֆիլիպը և ես խորապես ցավում ենք, որ տեսնում ենք Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհով ծածկված: Ես ընդգծում եմ իմ անկեղծ հիացմունքը արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների նկատմամբ, ովքեր վտանգել են իրենց կյանքը՝ փորձելով փրկել այս կարևոր ազգային հուշարձանը: Իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր այս դժվարին ժամանակներում տաճարի և ամբողջ Ֆրանսիայի կողքին են»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում տեղի ունեցածին արձագանքել է Twitter-ում կատարած գրառմամբ. «Աստված օրհի Ֆրանսիայի ժողովրդին»:
Կրեմլի պաշտոնական էջի հաղորդմամբ Վլադիմիր Պուտինը ևս ցավակցական հեռագիր է ուղղել նախագահ Էմանուել Մակրոնին. «Փարիզի Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի պատմական խորհրդանիշն է, եվրոպական և համաշխարհային մշակույթի անգնահատելի գանձը, քրիստոնեական ամենակարևոր սրբավայրերից մեկը: Փարիզում այս գիշեր տեղի ունեցած տագնապը ցավ պատճառեց նաև ռուսներին»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս արձագանքել էր Փարիզում տեղի ունեցածին։