Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան

19:55, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Բայց ամեն դեպքում, այս կարևորագույն ոլորտն ունի որոշակի առանձնահատկություններ, նրբություններ և, իհարկե, կան նաև հասցեական ու թիրախային գործողություններ, որոնք այդ ընդհանուր համատեքստի ազդեցությունը կոնկրետ ոլորտի վրա կարող են և պետք է դարձնեն ավելի նպատակային ու ավելի թիրախային:

Հետևաբար, մենք այսօրվա քննարկման ընթացքում կխոսենք ինչպես այդ ընդհանուր համատեքստի հնարավոր ազդեցությունների, այնպես էլ կոնկրետ ծրագրերի, հնարավորությունների և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Նկատի ունեմ ոչ միայն խնդրի լուծումը կպատվիրակենք տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ իրականացված վերլուծությունների, ուսումնասիությունների արդյունքներն ու միտումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միգրացիոն, ծնելիության և ժողովրդագրության մարտահրավերներին, սոցիալական գործոններին:

Նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: Զեկուցվել է, որ 2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թվի նվազման տեմպը, նվազել է մահերի, ամուսնալուծությունների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի փոքր դրական միտում, ուղևորափոխադրումների հաշվեկշիռը ևս դրական է: Նվազել է նաև միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնությունը. 2013-ի 115 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 111 տղա/100 աղջիկ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները, միջոցառումներն ու քայլերը, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև վարչապետի ղեկավարությամբ ձևավորել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային խորհուրդ:

| | |
1390 | 0
Facebook