Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը». Արթուր Խաչատրյանը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

12:20, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը». Արթուր Խաչատրյանը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

«Կարող է այդ մարդիկ «շարիկ են գլորում», որովհետև իրենք չունեն այդ հմտությունները, որ կարողանան աշխատել: Եթե մենք էդ հաստիքները կրճատենք, միևնույն է արդյունավետությունը չի բարձրանալու, այո՛, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Կառավարության ներակայացրած օպտիմալացման ծրագրին, կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով նախարարությունների կրճատման հարցին՝ բանախոսը նշեց. «Նախագծի տեքստը, որ կարդում ես, առաջին տպավորությունը, որ ես ստանում եմ այն է, որ ավելի դժվար է 17 նախարարի հետ աշխատելը, քան՝ 12 նախարարի, դրա համար մեկ վարչապետ և երկու փոխվարչապետը գերադասում են աշխատել 12 նախարարի հետ… Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա: Երկու-երեք ոչ արդյունավետ, կամ ոչ բավարար արդյունավետ գերատեսչություններ, եթե դրանք միավորում ենք իրար հետ, արդյունավետությունը չի բարձրանա»:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ պետությունը պարտավոր է և պատասխանատու է յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ նրանից, թե ում է քվեարկել այդ քաղաքացին: «Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, այդ մարդիկ ի՞նչ են անելու: Այդ մարդկանց նպա՞ստ ենք վճարելու, վերապատրաստման դասընթացնե՞ր ենք կազմակերպելու, թե՞ այդ մարդկանց տոմս ենք առնելու ասենք՝ «ախպեր, վեր կաց գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի»: Սրանք հարցեր են, որոնց էլի որևէ անդրադարձ չի կատարվել»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

| | |
1447 | 1
Facebook