Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցինք, ինչ երազում էինք». Արարատ Միրզոյան

01:00, հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
«Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցինք, ինչ երազում էինք». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարի այս օրը այս բառերով եմ շնորհավորել Ղարաբաղյան Շարժման 30֊ամյակը։ Երջանիկ եմ, որ հիմա կարող ենք ասել՝ հպարտության առիթներն ավելացել են, և պետականության կայացման կիսատ գործը շարունակվում է.

«Եթե ինձ հարցնեք, թե որոնք էին հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա պատմության ամենափառահեղ, ամենահերոսական, ամենապանծալի էջերը, ես կասեմ՝ 1918-ի Սարդարապատն ու 1988-91-ի Ղարաբաղյան շարժումը և դրան հաջորդած ազատամարտը։

Դրանցից առաջինի արդյունքում հայ ժողովուրդը, հյուծված ու դաշնակիցների կողմից լքված, վերանվաճեց իր ապրելու իրավունքը, կանգնեցրեց ցեղասպանությունը և ստեղծեց անկախ պետություն, որը թեև անհաղթահարելի խնդիրների առջև կանգնեց և կարճ ապրեց, բայց ապահովեց պետության կարգավիճակը նոր բազմազգ պետության մեջ և մեզ շունչ քաշելու ու կազդուրվելու ժամանակ տվեց։

Երկրորդի դեպքում, արժանանալով աշխարհի զարմանքին ու լուռ համակրանքին, հայ ժողովուրդը ոտքի ելավ, վերականգնեց անկախ պետականությունը, հաղթեց պատերազմում և ազատագրեց Արցախը։

«Ղարաբաղյան» անունը ստացած Հայոց Համազգային Շարժումը սաղմնավորվեց իբրև առավելապես բնապահպանական շարժում, ապա արագորեն դարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջահակիրը, աստիճանաբար դրեց հասարակական-քաղաքական բարեփոխումների և ժողովրդավարության պահանջներ և ի վերջո վերածվեց անկախականության: Այն, ըստ էության ազգային-ժողովրդավարական հեղափոխություն էր։ Հենց այդ Շարժումն էր, որ դարձավ այն արժեքային-գաղափարական հենքը, այն համազգային համաձայնությունը, որի վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։

Ցավոք, Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցինք, ինչ երազում էինք 1988-91-ին։ Բայց հենց այդ Շարժումից եմ ես սերում որպես քաղաքացի և որպես քաղաքական մարդ և հենց այդ գործն է, որ ես պարտավորություն եմ զգում շարունակել որպես քաղաքացի և քաղաքական մարդ։

Շնորհավոր Շարժման տարեդարձը, կեցցե Հայոց Համազգային Շարժումը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ազատ Արցախը, կեցցե այն օրը, երբ մենք իրականություն կդարձնենք մեր երազանքների Հայաստանը»:

5924 | 0
Facebook