Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցեր. ՄԻՊ

17:45, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցեր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 15 անձի հետ, ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Ազատազրկված անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է քրեական գործերի ոչ օբյեկտիվ քննությանը: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ կայացված դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։

Մի շարք դատապարտյալներ նշել են, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով կազմված զեկույցներով տրվում են բացասական եզրակացություններ, ինչի արդյունքում իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հարցի քննարկման նպատակով դատարան միջնորդություն չեն ներկայացվում։

Դատապարտյալների բողոքների մի մասը վերաբերել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմանը:

Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց հետ, ուսումնասիրել նրանց տրամադրվող բուժօգնության, և հացադուլով պայմանավորված իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ: Ձեռք է բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու պայմանավորվածություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ համագործակցությունը։

Միաժամանակ, ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:

2557 | 0
Facebook