Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուսով ենք՝ մեր հայ ընկերները փոխադարձությամբ կպատասխանեն». Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

15:45, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Հուսով ենք՝ մեր հայ ընկերները փոխադարձությամբ կպատասխանեն». Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Ռուսաստանը 2019թ. Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անցած տարին Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, այդ իսկ պատճառով այն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համանախագահների աշխատանքում մեր ներդրմանը, ապա այն սահմանափակվել է ճանաչողական շփումներով»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս ամիս ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Կարծում եմ՝ կկարողանանք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացել է, սակայն լիովին ենթակա է լուծման՝ Երևանի և Բաքվի բարի կամքի դրսևորման և միջազգային հանրության, այդ թվում` համանախագահների աջակցության դեպքում»,- նշել է Լավրովը:

Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հակամարտության հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարություններն աջակցության արժանի է անվանել:

«Հուսով ենք՝ մեր հայ ընկերները փոխադարձությամբ կպատասխանեն»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

9749 | 2
Facebook