Պոլսահայ լրագրողին վիրավորած թուրք պրոֆեսորին կդատեն
Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության, հաղորդում է Ermenihaber-ը: Դեկտեմբերի 6-ին պոլսահայ լրագրողը գրել էր. ««Սուլեյման Սոյլուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի» գրառումս հայհոյանքների և սպառնալիքների առիթ հանդիսացավ և ստիպեց ինձ մտածել: Նկատի ունեմ, որ Մեհմեթ Աղարը, նույնիսկ Մերալ Աքշեները «որակյալ հանցագործություններ անելու չափ» պրոֆեսիոնալ էին, իսկ Սոյլուն խղճուկի մեկն է, նա պիտի դատվի»: Կամայական դատական հետապնդուներից խուսափելու նպատակով այժմ Գերմանիայում ապաստանած Բաղդատն այդ գրառումից հետո բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստացել սոցցանցի օգտատերերից: Հայկո Բաղդատի հասցեին ամենաաղմկահարույց վիրավորանքը հնչեցրած Թուրքիայի Բոլուի շրջանի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մուսթաֆա Քեսքինի դեմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի Ստամբուլի հանձնաժողովը դատական հայց է ներկայացնելու: Այս մասին տվյալ հանձնաժողովի անդամ Էրեն Քեսքինը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Էրեն Քեսքինը գրառման մեջ մասնավորապես նշել է, որ դեկտեմբերի 12-ին կդիմեն դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած պրոֆեսորի: Վերջինս արդեն ջնջել է Բաղդատին վիրավորող իր գրառումը և փակել իր թվիթերյան հաշիվը: Կայքը նշում է, որ «սրի ավելցուկ» արտահայտությունով Օսմանյան կայսրության ժամանակ անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը չէին կոտորել՝ ունենալով դրա հնարավորությունը: Հետագայում այդ տերմինը տարածվել է նաև ցեղասպանությունից փրկված հայերի վրա: Բազմաթիվ օգտատերեր քննադատել են պրոֆեսոր Քեսքինին՝ նմանատիպ վիրավորանքի և փաստորեն Հայոց ցեղասպանության ոճիրն արդարացնելու համար: |